28/07/2017 09:37
Հայաստանում պետպատվերների լիմիտը սպառվում է և մարդիկ չեն կարողանում բուժօգնություն ստանալ. «Ժողովուրդ»
Հայաստանում բուժման պետպատվերից օգտվողները տարվա կեսերից արդեն հայտնվում են անելանելի դրության մեջ, պետպատվերների լիմիտը սպառվում է և մարդիկ չեն կարող այդպես բուժօգնություն ստանալ: Իսկ եթե բուժհաստատությունը, այնուամենայնիվ, ցուցաբերում է բուժօգնություն, ապա նրանց՝ պետբյուջեից տրվելիք գումարները չեն փոխանցվում: Ստեղծված իրավիճակի պատճառն այն է, որ ՀՀ կառավարութունը, մասնավորապես, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը որոշել է «լիմտիավորել» պետպատվերները:
«Հայաստանում այժմ պետական պատվերի շրջանակում բժշկական օգնության և սպասարկման պահանջարկը գերազանցում է պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցները: Խնդրի լուծման նպատակով նախարարությունը մի քանի ուղղությաններով աշխատաքններ է տանում», - «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես են բացատրել խնդիրը առողջապահության նախարարությունից:
Սա, թերևս, արդարանալու ամենահեշտ տարբերակն է: Սակայն իշխանությունները ճիշտ կանեին պետական գերատեսչությունների թանկարժեք գնումների, տարբեր անիմաստ ծրագրերի, պատգամավորների ու նախարարների վոյաժների վրա ահռելի միջոցներ ծախսելու փոխարեն, գումարներն ուղղեին սոցիալական, առողջապահական և կրթական ոլորտ: