28/07/2017 12:27
Ճապոնիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Ճապոնիայի պաշտպանության նախարար Թոմոմի Ինադան հրաժարական է տվել, հայտնում է Lenta.ru-ն հղում անելով Reuters-ին:
Նման որոշման պատճառն է փաստաթղթերը թաքցնելու շուրջ սկանդալը՝ կապված Հարավային Սուդանում ճապոնացի խաղաղապահների գործողության հետ: Ճապոնիայի Պաշտպանության նախարարությանը հարցում էր կատարվել տեղեկությունների բացահայտման մասին: Գերատեսչությունից նշել էին, որ փաստաթղթերը կորել են, սակայն հետագայում դրանք հայտնաբերվել էին: Ճապոնիայի իշխող կուսակցությունը ստիպված էր դադարեցնել Հարավային Սուդանում խաղաղապահ առաքելությունը:
Երկրի վարչապետ Սինձո Աբեն ընդունել է Ինադայի հրաժարականը: Նրա պարտականությունները համատեղությամբ ժամանակավոր կկատարի Ճապոնիայի ԱԳ նախարար Ֆումիո Կիսիդան:
Սպասվում է, որ Ճապոնիայի պաշտպանության նոր նախարարը կնշանակվի օգոստոսի 3-ին, երբ կառավարությունում վերադասավորումներ կատարվեն: