28/07/2017 13:20
Հայր Անտոնը քնած լսեց զինված խմբի գործով մեղադրական եզրակացությունը
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նորք Մարաշում հայտնաբերված ու վնասազերծված զինված խմբի գործով մեղադրող դատախազը շարունակեց ներկայացնել մեղադրական եզրակացությունը:
Այս գործով մեղադրյալները 20-ն են, որոնց թվում են նախկին ազատամարտիկներ, պաշտոնյաներ, այդ թվում Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Խմբի պարագլուխը համարվել է Արթուր Վարդանյանը, որն, ըստ մեղադրանքի, 2014 թվականից պարբերաբար ուղևորություններ է իրականացրել Իսպանիայից Սիրիա, Լիբանան, Հայաստան: Արթուրը Հայաստանում զինված հեղաշրջում անելու ծրագիր է ունեցել, որը ֆինանսավորելու համար նրան մաս-մաս գումարներ է տվել Հայր Անտոնը՝ գործով ամբաստանյալ Անտոն Դիկրան Թոթոնջյանը: Ի դեպ, վերջինը դատարանում մեղադրական եզրակացությունը, որը ներկայացնում էր դատախազը, չէր լսում և գլուխը իջեցրած սեղանի վրա քնած էր:
Հեղաշրջումն իրականացնելու համար Արթուրը իր շուրջն է համախմբել արցախյան ազատամարտի մասնակիցներին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուրը, 2015թ. ապրիլից լինելով Հայաստանում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր: Ըստ նույն մեղադրանքի՝ Արթուրի նպատակն է եղել հեղաշրջում անել երկրում:
Այս գործով նախաքննություն իրականացրած ԱԱԾ քննչական վարչությունը հայտարարել էր, որ զինված խմբի թիրախում է եղել պետական բարձր հաստատությունների պայթեցում, ինչպես նաև՝ Հայաստանի նախկին նախագահների տների ու ներկայիս նախագահի նստավայրի:
Այսօր դատական նիստի ընդմիջման ժամանակ Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը շարունակում է չընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
«Այդ մեղադրանքը համարում է շինծու ու փորձ է արվում իրենից ստեղծել հանցագործի կերպար: Մեղադրանքի հիմքում դրված են կրկնվող փաստեր, ու ես կարծում եմ, որ հանրությունը կլսի իրականությունը: Իմ պաշտպանյալը այնպիսի արարք չի կատարել, որը քրեական օրենսգրքով արգելվում է: Չշտապենք ու ընթացքում ամեն ինչ կիմանանք», - հայտարարեց փաստաբանը:
Նկատենք, որ այս գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանը, առողջական խնդիրների պատճառով, դատարան գալիս է սայլակով: