10/08/2017 18:35
Իմ ամենահիշարժան ծննդյան օրը տղաների հետ էր, որոնցից ոմանք հիմա չկան. Ապրիլյան պատերազմի մասնակից Արման Ավետիսյանը դարձավ 21 տարեկան
Ապրիլյան պատերազմի մասնակից Արման Ավետիսյանն այսօր նշում է ծննդյան 21-րդ տարեդարձը: Մերօրյա հերոսին առաջինը շնորհավորել են ընկերները՝ կեսգիշերային անակնկալ այցելությամբ: Տոնական այս օրն էլ անցկացնելու է հայրենի Արարատ գյուղում՝ հարազատների ու մտերիմների միջավայրում:
«Երեկոյան հյուրեր ունենք, ինչպես ավանդաբար է լինում՝ հարազատներով կհավաքվենք ու կնշենք: Ընտանիքիս անդամները սիրում են տոն սարքել, ես էլ նրանց հետ ուրախանում եմ, որ իրենց տրամադրությունը չկոտրեմ»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց Արմանը:
Հոբելյարը խոստովանեց՝ թեև ծնվել է օգոստոսի 10-ին, սակայն արդեն 1 տարի է իր համար որպես հիմնական ծնունդ համարում է ապրիլի 2-ը: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արմանը Ջրականի (Ջաբրայիլ) դիրքում իր կողմ նետված նռնակի պայթյունի հետևանքով ստորին ձախ վերջույթի վիրավորում էր ստացել, կյանքի ու մահվան կռվում հաղթել:
«Իմ ծննդյան օրը այլևս համարում եմ ապրիլի 2-ը, մեկ տարի առաջ այդ օրը ես նորից եմ ծնվել: Այս տարի ԱՄՆ-ում էի, մորաքրոջս ընտանիքի հետ նշեցինք: Ճիշտ է, շատ ընտանիքներում տխրություն է, տարելից, որն ինձ համար ցավալի է, բայց ինձ համար էլ ապրիլի 2-ը վերածնունդ է»,- նշեց նա:
Արմանը նվերների հարցում բծախնդիր չէ, նախընտրում է ոչ թե նյութականը, այլ այն, ինչն ի սրտե է ասվում: Նկատում է՝ մարդիկ նվիրում են այն, ինչ իրենց մտքով անցնում է, ինչի հնարավորություն ունեն, ու դա իր համար ամենաթանկն է: Կարևորը սրտից բխած անկեղծ խոսքերն են:
21 տարեդարձների ընթացքում ապրիլյան հերոսն առանձնացնում է 19-րդը: Այդ օրը դիրքերում էր՝ մարտական հերթափոխության, զինակից ընկերներն ուղիղ կեսգիշերին նրան արթնացրեցին ու շնորհավորեցին:
«Ցավոք, այդ տղաներից ոմանք հիմա չկան, մեր կողքին չեն. դա իմ ամենաուրախ ու հիշարժան ծննդյան օրն էր: Ջերմ ու համախմբված օր էր, մինչև առավոտ կարողացանք և՛ ուրախանալ, և՛ պատշաճ հերթապահություն անցկացնել»,- վերհիշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ կա՞ մեկը, ում ներկայության պակասն այսօր իր կողքին զգում է, 21-ամյա երիտասարդը ժպիտով պատասխանեց.
«Այո, կա ինչ-որ մեկը, որ շատ կցանկանայի այս պահին կողքիս լիներ: Սակայն, հանգամանքների բերումով, դա հնարավոր չէ»:
Այսօր շատ բարեմաղթանքներ են հնչել ու հնչելու: Նրան առանջահերթ առողջություն են մաղթում, անպակաս ժպիտ, ու, որ ամենակարևորն է, այն, ինչ տեսել է 2016-ի ապրիլին` այլևս չտեսնի:
Ինքն էլ իրեն մաղթանք ունի. ուզում է փորձանքներից հեռու լինել, հավատքով ու Աստծո օրհնանքով ապրել: Ծնողների շնորհիվ է, որ այսօր կա, ու նրանց երկարակեցություն է ցանկանում:
«Մարդն իր ծնողներով է երջանիկ, ցանկացած դժվարության մեջ առաջին հերթին ծնողդ է հայտնվում աչքերիդ դիմաց, նա է ուժ տալիս, որ ապրես, պայքարես: Թող առողջ ու երջանիկ լինեն»,- զրույցը եզրափակեց Արման Ավետիսյանը:
Ի դեպ, նա վերջին ամիսներին ԱՄՆ-ում էր գտնվում: Մոտ երկու ամիս առաջ է վերադարձել և սեպտեմբերի կեսերին նորից կմեկնի:
Aysor.am-ը ևս շնորհավորում է մերօրյա հերոսին: Թող այլևս պատերազմում հերոսանալու անհրաժեշտություն չլինի: