11/08/2017 15:42
Համարում եմ շինված գործ, քանի որ ես երբեք թույլ չէի տա իմ երկրում զինված հարձակում. Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյան
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում զինված խմբի գործով նիստի ժամանակ ամբաստանյալ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չճանաչեց:
«Ո՞նց կարելի է, որ իմ նման մարդը, որը պատերազմում անցած ճանապարհ ունի…ստեղ ովքեր որ պատերազմի մասնակից են, պարոն դատավոր, դուք էլ եք պատերազմին մասնակցել, ստեղ կանգնած նայում եմ, ու զարմանում եմ՝ ո՞նց են Ազգային անվտանգության մարմինները փչած գործ սարքել, էդ ո՞նց պետք ա էս երեխեքը գնային շենքեր գրավեին», - իր ելույթում հայտարարեց Վլադիմիր Առաքելյանը:
Նա ևս տարօրինակ համարեց մեղադրանքում այն հատվածը, որ զինված խումբը նպատակ է ունեցել նռնականետով խոցել նախագահի ինքնաթիռը ու ընդհանրապես այս քրեական գործը համարեց շինծու:
«Քանի որ ես երկար տարիներ քաղաքականությամբ եմ զբաղվել, ու ես անձամբ ինքս դեմ եմ եղել զինված հարձակումներին, քանի որ 1999-ի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում երեք հարազատ մարդ եմ կորցրել՝ Կարեն Դեմիրճյան, Արմենակ Արմենակյան ու Վազգեն Սարգսյան, և հասկանալով, որ երբևիցե երկրում զինված հեղաշրջում բացառված է ու ինքս էլ թույլ չեմ տա նման բան իմ Հայաստանում, համարում եմ սա շինված գործ», - դատաարնում հայտարարեց Վլադիմիր Առաքելյանը:
Ամբաստանյալ Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Հարություն Սարիբեկյանը և մյուսները ևս չընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը: