12/08/2017 16:01
Անչափահասներին ծեծելով պարտադրել է «Զվարթնոց» օդանավակայանի մոտ զբաղվել մուրացկանությամբ
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի վարույթում շուտով քննվելու է երեխաներին թրաֆիքինգի, մասնավորապես մուրացկանության դրդելու վերաբերյալ մի քրեական գործ:
Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ Վահագ Մ.-ն, որը անչափահաս է, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի անչափահաս բնակիչներ Սարգիս Ա.-ին Կոլյա Ա.-ին և Վազգեն Բ.-ին նախորդ տարի ամռանը խաբել է և ճոճանակ նստելու ու զվարճանալու պատրվակով տեղափոխել է «Զվարթնոց» օդանավակայանի տարածք ու պարտադրել զբաղվել մուրացկանությամբ:
Ըստ մեղադրական եզրակացության, Վահագը երեխաների նկատմամբ բռնություն է գործադրել, ծեծել է ու քաշքշելով է հարկադրել զբաղվել մուրացկանությամբ, իսկ ինքը որոշակի տարածությունից հսկողության տակ է պահել նրանց:
Այդ ընթացքում անչափահասները օդանավակայանի տարածքում գտնվող ավտոմեքենաների վարորդներից մուրացկանությամբ ստացել են թղթադրամներ ու մետաղադրամներ:
Շուրջ երկու ժամ գումար մուրալուց հետո մոտեցել են Վահագին, և Վազգենը նրան տվել է հավաքված ողջ գումարը՝ շուրջ 7000 դրամ:
Այնուհետև հավաստիանալու համար, որ նրանց մոտ այլ գումար չի մնացել, ստուգել է նրանց գրպանները ու հետո միայն հավաքված գումարից 700 դրամ տվել է Վազգենին, 120 դրամին և 74 դրամին համարժեք 10 ՌԴ ռուբլի էլ տվել է Կոլյային ու Արգիսին: Մնացած ողջ գումարը տնօրինել է ինքը:
Երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու համար Վահագին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 132.2-րո հոդվածի 2-րդ մասի 1,4 կետով՝ «երկու և ավելի երեխայի թրաֆիքինգը, որը կատարվել է բռնություն գործադրելով»:
Այս գործով դատական նիստի օր դեռ նշանակված չէ: