16/08/2017 18:34
Ինչո՞ւ են թանկացել ավիատոմսերը, հատկապես` Երևան-Մոսկվա ուղղությունը. Պարզաբանում է ՔԱԳՎ-ն
Aysor.am-ը բազմաթիվ քաղաքացիներից վերջերս դժգոհություններ է ստացել ավիատոմսերի, հատկապես` Երևան-Մոսկվա ուղղությամբ, թանկացման մասին: Մեր թղթակցի հետ զրույցում քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ այս պահին Երևան-Մոսկվա ուղղությամբ ավիատոմսերը հասնում են մինչև 200 հազար դրամի:
«Ասենք, եթե մայիսին կարող էիր Երևան-Մոսկվա տոմսը գնել 30.000- 41.500 հազար դրամ, ապա հիմա 20 000-ով թանկացել է», -դժգոհեց քաղաքացին: Նկատենք, որ Երևան-Մոսկվա ուղղությունն այս շրջանում մեծ պահանջարկ է վայելում:
Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասաց, որ միայն Հայաստանում չէ, որ այս սեզոնին ավիատոմսերի սակագները բարձրացել են:
«Ամբողջ աշխարհում է, որ այժմ ավիատոմսերի սակագների որոշակի տարբերություն նկատվում է: Կտրուկ պահանջարկն այս սեզոնին աճում է, առաջարկը չի կարողանում համապատասխանաբար ապահովել՝ կախված տարբեր գործոններից, այդ թվում` օդանավերի քանակից: Այս ամիս ավիաընկերությունները համապատասխան տարողություն ապահովել չեն կարողանում, և քիչ տեղերի համար շատ մեծ պահանջարկ է առաջանում»,- ավելացրեց Չոբանյանը:
Նրա խոսքով, չնայած այդ հանգամանքին, այս շրջանում տոմսերն արագ վաճառվում են:
Այս խնդրին, ըստ Չոբանյանի, լուծում կա, և դա օդանավերի քանակի ու թռիչքների հաճախականության ավելացումն է: Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ, կան երթուղիներ, որոնցով և' թռիչքներն են շատ, և' օդանավերը, բայց պահանջարկն ավելի շատ է, քան` առաջարկը:
«Մեր վարչությունը որևէ կերպ չի կարող միջամտել ավիաընկերության կոմերցիոն գործունեությանը, բայց եթե ավիաընկերության կողմից արտառոց բարձր սակագները լինեն շարունակական և նկատվի ավիաընկերությունների կողմից համաձայնեցված գործողություններ, գոյություն ունեն պատկան մարմիններ, որոնք զբաղվում են այդ հարցերով, այսինքն, եթե կա շուկայում դիրքի չարաշահում: Ինչ վերաբերում է այս սեզոնին, ապա ոչ ոք չի կարող ներազդել սակագների վրա, քանի որ ավիաընկերությունն է սահմանում սակագինը: Նորից նշեմ, որ Հայաստանում չէ միայն, որ տոմսերը թանկացել են: Այն երկրներում, որտեղ պահանջարկը գերազանցում է առաջարկին, գների տատանում չի կարող չլինել»,- ավելացրեց պաշտոնյան:
Նկատենք, որ այս հարցի առնչությամբ այսօր ողջ օրվա ընթացքում Aysor.am-ը փորձել է կապ հաստատել Տնտեսական Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի խոսնակի հետ, սակայն վերջինը անհասանելի էր: