17/08/2017 12:11
ԱԻՆ-ում կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու նպատակով. Փոխնախարար
Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքի հրդեհի մարման աշխատանքները ավարտվել են, և Վայոց Ձորում այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հա-ն՝ անտառածածկ: Փորվել են բազմաշերտ խրամատներ՝ հրդեհի տարածումը բացառելու նպատակով, այսօր կառավարության նիստում նման զեկույցով հանդես եկավ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը:
Անդրադառնալով «Խոսրովի անտառ» պետական արգելոցում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհին՝ Կարապետյանը տեղեկացրեց, որ հիմնական օջախները մարվել են օգոստոսի 16-ին:
«Մի քանի օր տևած հրդեհաշիջման աշխատանքները անցնում էին չափազանց անբարենպաստ բնակլիմայական պայմաններում՝ լեռնային բարդ ռելիեֆ, տևական երաշտից չորացած խոտածածկ տարածքներ, հրդեհի արագ տարածմանը նպաստող քամիներ», - ներկայացրեց Կարապետյանը՝ տեղեկացնելով, որ նախնական տվյալներով, Խոսրովի արգելոցում այրվել է 16,5 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն՝ անտառներ:
Նրա խոսքով, և՛ Խոսրովի արգելոցում և՛ Արտավանում փրկարարների հետ համատեղ հրդեհաշիջմանը մասնակցել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներ, ոստիկանության ծառայողներ, բնապահպանության պետական տեսչության աշխատակիցներ, բնակիչներ ու բնապահպաններ:
«Իրավիճակը ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ: Քանի որ այս հրդեհները հանրային մեծ քննարկման առիթ են տվել, պարոն փոխվարչապետ, մի դիտարկում անեմ՝ հաշվի առնելով այն, որ մի կողմից նման խոշոր հրդեհներ Հայաստանում վաղուց չեն եղել և հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների դեմ պայքարի դժվարությունների մասին, մյուս կողմից ԱԻՆ-ի վերջին տարիների ձեռքբերումները և մեր փրկարարների բարեխիղճ աշխատանքը, հանրության շրջանում ձևավորել էին սպասումներ, որ այս աղետը ևս հնարավոր է հաշված րոպեների, կամ ժամերի ընթացքում մարել: Ավաղ, անտառային հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ ամենազարգացած երկրների համար: Սա, բնավ, արդարացման համար չէ: Ինչպես յուրաքանչյուր խոշոր արտակարգ դեպքի ժամանակ, այնպես էլ այս հրդեհների վերաբերյալ ԱԻՆ-ում կիրականացվեն մանրակրկիտ ուսումնասիրություններ, կարվեն մասնագիտական հետևություններ՝ քաղված դասերը սերտելու, անտառային հրդեհները կանխելու կարողությունները զարգացնելու նպատակով», -կառավարության անդամներին ներկայացրեց Կարապետյանը:
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն իր հերթին ասաց, որ Բնապահպանության և Արտակարգ իրավիճակների նախարարները ներկա չեն կառավարության նիստին և գտնվում են Վայոց Ձորում ու «ակտիվորեն» ներգրավված են աշխատանքներում:
«Խնդիրը գտնվում է նախագահի ու վարչապետի անմիջական ուշադրության ներքո և կարծում եմ, որ այս պահին խնդիրը լուծված է», -հայտարարեց Գաբրիելյանը: