17/08/2017 18:12
Դե Միստուրան հուսով է, որ Ժնևում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների նոր փուլը կկայանա սեպտեմբերին
Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստեֆան դե Միստուրան հույս ունի Ժնևում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների նոր փուլն անցկացնել սեպտեմբերի առաջին կեսին, իսկ ըստ Էության քննարկումները կսկսվեն հոկտեմբերին, փոխանցում է РИА Новости-ն:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օգոստոսի վերջին բրիֆինգ կպահանջի ինձանից: Ես պարտավոր կլինեմ հաշվետություն ներկայացնել տեխնիկական բանակցությունների վերաբերյալ ու պատմել նոր փուլի մասին: Նոր փուլը պլանավորվում է անցկացնել Ժնևում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից առաջ (նստաշրջանը բացվելու է սեպտեմբերի 12-ին): Բայց, հավանաբար, մենք քիչ ժամանակ կունենանք Աստանայից հետո, այնպես որ կփորձենք ուշադրությունը կենտրոնացնել ռեալ բանակցությունների ծրագրի վրա, որոնք կկայանան հոկտեմբերին»,- ասել է նա:
Դե Միստուրանն հույս է հայտնել, որ Աստանայում Սիրիայի շուրջ բանակցությունները, ինչպես որ պլանավորված է, կկայանան սեպտեմբերի սկզբին:
Նրա խոսքով՝ այդ քննարկումները «զգալի առաջընթացի են բերել»: ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը նշել է, որ, «ինչպես ինքն է լսել», հոկտեմբերին Էր Ռիադում պետք է կայանա սիրիական ընդդիմության կարևոր հանդիպում, որը կարող է բերել միասնական ընդդիմադիր հարթակի ստեղծման` Ժնևում միջսիրիական բանակցություններին մասնակցելու համար: Դե Միստուրան ավելացրել է, որ ակնկալում է Ռուսաստանի ազդեցությունը Դամասկոսի վրա, որպեսզի կառավարության պատվիրակությունը Ժնև ժամանի ուղղակի բանակցություններ սկսելու մտադրությամբ: