17/08/2017 17:25
ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիան եվրոպացիների համար կպահպանի առանց այցագրերի ռեժիմը
Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները կկարողանան Brexit-ից հետո առանց այցագրերի այցելել Մեծ Բրիտանիա, բայց աշխատանք ստանալու իրավունքի համար նրանց կպահանջվի միգրացիոն իշխանությունների թույլտվությունը: Այս մասին հայտնել է The Guardian թերթը` հղում անելով կառավարական աղբյուրներին:
Անայցագիր ռեժիմը չի նշանակում, թե ԵՄ-ի քաղաքացիները կստանան անորոշ ժամկետով Միացյալ Թագավորությունում մնալու ավտոմատ իրավունք: Եթե նրանք ցանկանան աշխատել Մեծ Բրիտանիայում, ապա ստիպված կլինեն կատարել նոր միգրացիոն սահմանափակումների պայմանները, նշել է հրատարակությունը:
Ընդ որում,կառավարությունում ցանկանում են հետագայում էլ ընկերություններին թույլատրել որակյալ աշխատողների վարձել ԵՄ-ից: Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետն այս տարի կներկայացնի ներգաղթի պլան, որը կներառի կառավարության այն առաջարկությունները, որոնք ընկած են ներգաղթի վերահսկողության նոր համակարգի հիմքում: