17/08/2017 14:47
Հացադուլ հայտարարած Իրանի ընդդիմության առաջնորդին հոսպիտալացրել են
Իրանի Մեջլիսի նախկին խոսնակ և ընդդիմադիր առաջնորդ Մեհդի Քյարուբին, որը տնային կալանքի մեջ է և հացադուլ էր հայտարարել, այսօր հոսպիտալացվել է, հայտնում է «Интерфакс»-ը:
«Հացադուլ հայտարարելուց հետո նրա առողջական վիճակը վատթարացել է, և հիմա նա հիվանդանոցում է»,- Saham News կայքին հայտնել է ընտանիքի ընկերը:
Ընդդիմադիրը հացադուլ է սկսել իր գործով դատաքննության ժամկետը հաստատելու պահանջով: Նրան հիվանդանոց են տեղափոխել, արյան բարձր ճնշման պատճառով: Նա նախկինի պես հրաժարվում է սնվելուց:
Քյարուբիի կինը հայտարարել է, որ նա պահանջել է նաև տանից հեռացնել ՆԳՆ աշխատակիցներին և ապամոնտաժել իր բնակարանում տեղադրված տեսախցիկները:
2011 թվականից Քյարուբին տնային կալանքի տակ է, ինչպես նաև ընդդիմադիր շարժման իր համախոհ Հոսեյն Մուսավին: Նրանք կալանավորվել են 2009 թվականին Իրանի նախորդ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի ընտրությունից հետո երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցելու համար: