17/08/2017 11:54
Կառավարության որոշմամբ վանաձորցի ուսանողը տարկետում ստացավ՝ Նյու Յորքում կրթությունը շարունակելու համար
Այսօր կառավարության հերթական նիստում Վանաձորի բնակիչ Ցոլակ Ղուկասյանը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացավ՝ ուսումնառության նպատակով: Կառավարությունը, առաջնորդվելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 16 հոդվածի 2-րդ կետով, որոշել է 1995 թվականին ծնված Ցոլակ Ղուկասյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում մինչև ուսումնառության ավարտը` 2019 թվականի ձմեռային զորակոչ:
Ցոլակ Ղուկասյանը, ըստ նախագծի, ընդունվել է «Նյու Յորք համալսարանի» մագիստրատուրա՝ «Համակարգչային գիտություններ» մասնագիտությամբ:
Ուսանողը նոտարական կարգով հաստատված տեղեկանք է ներկայացրել, որով պարտավորվել է ուսումն ավարտելուց հետո վերադառնալ Հայաստան և 2 տարի աշխատել իր մասնագիտությամբ` ՀՀ պաշտպանության նախարարության միջնորդությամբ՝ նրա կողմից առաջարկվող վայրում: