17/08/2017 10:59
Հայաստանում այսօր սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչպեսև կանխատեսվել էր օգոստոսի 15-ի երեկոյան ժամերից, օգոստոսի 16-ին և 17-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում դիտվել է անձրև և ամպրոպ, տեղեկացնում է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա փոխանցմամբ` հատկապես առատ տեղումներ են գրանցվել Ամասիայի և Թալինի հատվածում 36-41 մմ, որը կազմում է Երևանի ամբողջ օգոստոս ամսվա տեղումների միջին քանակի քառապատիկը։
Արարատյան դաշտում, մասնավորապես Խոսրովի արգելոցի հատվածում, ցիկլոնը թույլ է արտահայտվել, ինչի հետևանքով այդ հատվածում դիտված անձրևները եղել են համեմատաբար կարճատև և թույլ։
Սուրենյանի ներկայացմամբ` չնայած հզոր ամպամածության գոտու առակայությանը՝ օդային հոսանքները տեղումնաբեր ամպերը Խոսրովի արգելոցի տարածքից տեղափոխել են Ջերմուկի և Արենիի տարածք, որտեղ դիտվել են առատ անձրևներ։
Արարատյան դաշտում քիչ տեղումները պայմանավորված են եղել նաև տևական ժամանակ խիստ բարձր ջերմային ֆոնով և անձրևազուրկ օրերով, ինչի հետևանքով օդի հարաբերական խոնավությունը եղել է շատ ցածր։
Ներկա պահին, ըստ Սուրենյանի, Խոսրովի արգելոցի հատվածում տեղում է անձրև։ Այսօր ժամանակ առ ժամանակ և հատկապես երեկոյան ժամերին հանրապետության շրջանների զգալի մասում, այդ թվում նաև Արարատյան դաշտում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, իսկ օգոստոսի 18-22-ին կրկին սպասվում է առանց տեղումների եղանակ և օդի ջերմաստիճանի բարձրացում մոտ 4-5 աստիճանով։