17/08/2017 21:51
«Ռեստարտ» տված Հանրապետականն անցել է աշխատանքի
Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր, տրվել է կուսակցական աշխատանքի «Ռեստարտ», այսօր ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Երկար դադարից հետո, երբ կուսակցականները արձակուրդում էին, սա ԳՄ առաջին նիստն էր ու լրագրողների հետ առաջին հանդիպումը։
«Հանրապետական կուսակցությունը պետք է սեպտեմբերից ձեռնամուխ լինի աշնանային նստաշրջանում ակտիվ աշխատանքի։ Բնականաբար, քննարկել ենք քաղաքական մեծամասնության անելիքները պառլամենտում։ Սպասում ենք լուրջ աշուն խորհրդարանում», - ասաց Շարմազանովը՝ նկատելով, որ կան շատ օրենքներ, որոնք պետք է ընդունվեն և համապատասխանեցվեն նոր Սահմանադրությանը։
Բացի այդ, քննարկվել է նոյեմբերի 5-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման հարցը, և Շարմազանովի խոսքով, սեպտեմբերի վերջին նրանց անունները հայտնի կլինեն։
ՀՀԿ խոսնակի փոխանցմամբ, ԳՄ նիստում քննարկել են նաև Հայաստանի նախագահի վերջին այցը Իրան։