17/08/2017 13:56
Քաոսային իրավիճակ չկա, սեպտեմբերի 2-րդ կեսից ավիատոմսերը կէժանանան. ՔԱԳՎ պետ
Տարեցտարի ամառվա վերջին և ամանորյա տոներին ընդառաջ ավիատոմսերի և առհասարակ, զբոսաշրջային ինդուստրիայի մնացած բոլոր բաղադրիչների գները բարձրանում են, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով տոմսերի գնի աճին:
Սակայն այս տարի, ըստ Ավետիսյանի, մեկ այլ հանգամանք է ավելացել բնականոն երևույթին. «Հայաստանը ավիացիոն միջազգային քարտեզի վրա ավելի ցայտուն դեր ունեցավ ու ավելի ակտիվացրեց իր դիրքերը»: Արդյունքում, ըստ պաշտոնյայի, Հայաստան գալու պահանջարկն ավելացել է:
«Ավիաընկերությունները իրենց չվերթները պլանավորում են ավելի վաղ՝ 8-10 ամիս առաջ, և պլանավորվածից ավելի շատ պահանջարկ ունենալու դեպքում, ինչը տեղի ունեցավ այս տարի, ավիաընկերությունները փաստորեն, սխալվեցին, և մենք ունեցանք ավել պահանջարկ, քան առաջարկն էր», - ասաց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ մի շարք ավիաընկերություններ փոխել են իրենց օդանավերի տիպերը՝ ավելացնելով նստատեղերի քանակը:
Արդյունքում, ըստ պաշտոնյայի, «Զվարթնոց» օդանավակայանում այժմ վայրէջք են կատարում ավելի ծախսատար օդանավեր, օրինակ «Բոինգ 777», «Էյրբաս A330», «Բոինգ 767» և այլն:
Ավետիսյանը հստակեցրեց, որ ՔԱԳՎ-ն ավիատոմսերի գների վրա ներազդելու գործառույթ չունի: Այդուհանդերձ պաշտոնյայի կարծիքով, ավիատոմսերի թանկացման շուրջ ստեղծված իրավիճակը, քաոսային չէ:
«Տեսեք՝ ուղղություններ կան, որ նույնիսկ կարող է ավելի շատ բարձրացած լինի: Մենք փորձում ենք ավիաընկերությունների հետ աշխատել, ամեն ինչ անել, որ նրանք մեծացնեն նստատեղերի քանակը կամ ավելացնենք հավելյալ չվերթները: Օրինակ, «Տարոն Ավիա»-ն ներկայումս Գյումրիի Շիրակ օդանավակայանից ներկայացնում է հավելյալ չվերթներ իր հիմնական չվացուցակից դուրս, որպեսզի բալանսավորի այս պահանջարկը», - ասաց Սերգեյ Ավետիսյանը:
Նա հույս տվեց՝ ասելով, որ սեպտեմբերի 2-րդ կեսից ավիատոմսերի գները կտրուկ կնվազեն: «Տոմսերի գները 2-3 անգամ կնվազեն», -ասաց նա: