17/08/2017 17:51
Քանաքեռ Զեյթուն համայնքի այգին միտումնավոր չորացնում են. Քաղաքացիների բաց նամակը Տարոն Մարգարյանին. Լուսանկարներ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչները բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգայանին՝ ահազանգելով համայնքի այգու չորացման մասին:
Բնակիչների խնդրանքով Aysor.am-ը հրապարակում է քաղաքապետին ուղղված նամակն ամբողջությամբ.
«Հարգելի քաղաքապետ, Ձեզ են դիմում Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ա. Տիգրանյան 5 շենքի և հարակից մի շարք այլ շենքերում և սեփական տներում բնակվող բնակիչներ: Տիգրանյան 5 շենքի առջև մի գեղեցիկ անտառ-պուրակ կա, որը հարյուրավոր մարդկանց և մանուկների ամենօրյա հանգիստը անցկացնելու վայրն է: Սակայն այժմ այն գտնվում է չորացման և ոչնչացման եզրին: Ինչու՞:
Պատճառը համայնքի պատասխանատուների անբարեխիղճ և անտարբեր աշխատանքն է: Պուրակը զրկված է ոռոգման ջրից և սանիտարական մաքրումներից: 2013թ.-ին ոռոգման խողովակներ քաշեցին պուրակում և որոշ ժամանակ այն ոռոգվում էր: Սակայն անցավ ավագանու նախընտրական և ընտրական քարոզարշավը և այգին մատնվեց բախտի քմահաճույքին: Բնակիչները բազմիցս դիմել են թաղապետարան, թեժ գիժ, բայց` ապարդյուն:
Դեռևս 90-ականերին այս կանաչ դրախտը բնակիչների հոգատարության և աչալրջության շնորհիվ կանգուն ու զերծ մնաց հատումներից:
Այժմ էլ այն պահպանվում է միայն բնակիչների շնորհիվ: Սակայն ջրի բացակայության պատճառով այգին այժմ չորացել է և, եթե այսպես շարունակնվի, այն պարզապես չի պահպանի իր գոյությունը: Բոլոր բնակիչներս խնդրում և ինչու՞ ոչ` պահանջում ենք հնարավորինս արագ լուծում տալ այս խնդրին և կյանք պարգևել առանց այդ էլ սակավ դարձած այս կանաչ տարածքին:
Ակնկալում ենք Ձեր արձագանքը»: