17/08/2017 16:27
Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ռումինիայում տեղի է ունեցել Երիտասարդական հնգօրյա համախմբում-հավաք
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, օգոստոսի 10-14-ը Ռումինիայի Հայոց թեմում տեղի է ունեցել Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միավորման (ՀԵՀԵՄ) Եվրոպայի տարածաշրջանում հնգօրյա համախմբում-հավաքը։
Համախմբանը մասնակցում էին 33 երկրներից, այդ թվում` Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, 18-30 տարեկան շուրջ 100 երիտասարդներ իրենց թեմակալ առաջնորդների առաջնորդությամբ։
Համախմբման համար որպես թեմա էր ընտրված «Եկեղեցի և ընտանիք» կարգախոսը` դիտարկելով Եկեղեցին իբրև մեծ ընտանիք, իսկ ընտանիքը` որպես փոքր եկեղեցի:
Պաշտոնական բացման արարողությունը սկսվեց Տերունական աղոթքով և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքի ընթերցումով:
Ռումին Ուղղափառ Եկեղեցու պետ Դանիել Պատրիարքի խոսքն ընթերցեց պատրիարքական փոխանորդ Հերոնիմոս եպիսկոպոս Սինաիտուլը: Խոսքով հանդես եկավ Ռումինիայի Կրոնից նախարար Վիկտոր Օպասկին՝ խոսելով Հայ և Ռումին Եկեղեցիների եղբայրական կապերի մասին:
Միջոցառումների շրջանակում աշխարհի տարբեր երկրներից ժամանած երիտասարդները առիթ ունեցան մասնակցելու հոգևոր թեմատիկ քննարկումների, բարձրացնել իրենցհուզող հարցերը և ստանալ պատասխաններ, մասնակցել ուխտագնացությունների և կապեր հաստատել միմյանց հետ։
Հավաքին քննարկվեցին նաև «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» խորագրի ներքո 2018 թ. երիտասարդության տարի հռչակման ծրագրի կազմակերպչական հարցեր։
Համախմբումը կազմակերպվել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ, աջակցությամբ ու նախագահությամբ ՀԵՀԵՄ պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսի, բարերարությամբ ու հովանավորությամբ Ռումին պետության, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և Ռումինիայի Հայոց թեմիծխական համայնքների։