17/08/2017 15:12
Սևանա լճում ռուս զինծառայողի մահվան պատճառ է եղել ներքին արյունահոսությունը. Մանրամասներ
Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են առաջնային անհրաժեշտ բոլոր դատավարական գործողությունները՝ պարզելու ՀՀ-ում տեղակայված ռուսական զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքները, ստուգելու լճում ջրահեղձ լինելու նախնական վարկածը, Aysor.am-ին տեղեկացրեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով, բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, ըստ որոնց զինծառայողը՝ իր երեք զինծառայակից ընկերների հետ, օգոստոսի 13-ին՝ ժամը 16-ի սահմաններում գնացել են Սևանա լիճ՝ հանգստանալու, լողացել լճում։ Ինչպես նաև բացատրություններ են վերցվել ինչպես զինծառայողներից, այնպես էլ` լողափում այլ հանգստացողներից, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։
«Դիահերձման արդյունքներով, դատաբժիշկների տրամադրած տվյալների համաձայն, զինծառայողի մահվան պատճառ է հանդիսացել ներքին արյունահոսությունը»,- ասաց Սոնա Տռուզյանը՝ տեղեկացնելով, որ ՔԿ նախագահի հանձնարարությամբ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՌԴ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժին։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ օգոստոսի 13-ին Սևանա լճում Նորաշեն գյուղի հարակից լողափում փրկարարների օգնությամբ լճից դուրս է բերվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 20-ամյա Ռադմիր Ֆիլիպովի դին: Վերջինը ծառայում էր Գյումրիում տեղակայված ռուսական զորամասում։