18/08/2017 11:01
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները կընթանան ոչ մրցակցային պայմաններում
Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրվել է մեկ թեկնածու և դա գործող նախագահ Արա Զոհրաբյանն է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՓՊ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 9-ին: Փաստաբանների առաջադրման կամ ինքնաառաջադրման համար 5 օր ժամանակ էր տրամադրված՝ օգոստոսի 12-ից մինչև 17-ը։ «Երեկ ավարտվել է առաջադրումների ժամկետը, և այլ թեկնածուներ չեն առաջադրվել»,- ասաց ՓՊ ներկայացուցիչը:
Միակ թեկնածուի քարոզչությունն սկսվելու է այսօր և տևելու է մինչև սեպտեմբերի 7-ը։
Ավելի վաղ Aysor.am-ը խոսել էր ՓՊ նախորդ ընտրություններում առաջադրված թեկնածուներից ՓՊ անդամ Տիգրան Աթանեսյանի հետ, և վերջինն ասել էր, որ չի առաջադրվելու այս անգամվա ընտրություններում, քանի որ Պալատը հիվանդ կառույց է և ինքն էներգիա չունի դրա վրա ծախսելու համար: