21/08/2017 15:46
«Շիրակացու ճեմարանի» և Քուվեյթի հայ ազգային վարժարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրը» և Քուվեյթի հայ ազգային վարժարանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում կնքել են համագործակցության հուշագիր, որը ստորագրել են «Շիրակացու ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանը և Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանը, տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության մամուլի ծառայությունը:
Համագործակցության շրջանակում Շիրակացու ճեմարանը պատրաստակամություն է հայտնել Քուվեյթի հայ ազգային վարժարանին աջակցել ՀՀ կառավարության հաստատած հանրակրթության պետական չափորոշչին և Միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի չափորոշիչների պահանջներին համապատասխան այլընտրանքային հանրակրթական ծրագրերի մշակման աշխատանքներում։
«Մեր շատ ուսումնական հաստատություններ, այդ թվում` «Շիրակացու ճամարանը», ունեն հետաքրքիր գաղափարներ, սակայն մենք միշտ խնդիր ենք ունեցել Հայաստանում արձանագրված նվաճումումները թե’ երկրի ներսում, թե’ դրանից դուրս տարածելու թեկուզ այն դպրոցներում, որտեղ հայկական ծրագրեր են իրականացվում: Հուսով եմ, որ այս նախաձեռնությունը օրինակ կհանդիսանա մեր մյուս լավագույն դպրոցների համար` արտերկրի ուսհաստատությունների հետ համագործակցելու և իրենց փորձը տարածելու տեսանկյունից», - նշել է նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:
Քուվեյթի հայ ազգային վարժարանի տնօրեն Ներսես Սարկիսյանի խոսքով` վարժարանը, որը հիմնվել է 1960 թվականին, մեծ ներդում է ունեցել սփյուռքում հայ սերունդների դաստիարակության և համալսարանական ուսման պատրաստության գործում:
«Շիրակացու ճեմարանի» տնօրեն Աշոտ Ալիխանյանն իր հերթին նշել է, որ ճեմարանի հիմնադրման օրվանից ազգային ոգին դրվել է ճեմարանի կրթական ծրագրերի հիմքում:
Հուշագրով կողմերը կհամագործակցեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական և խորհրդատվական բնույթի ծրագրերի, այդ թվում՝ ուսուցիչների և աշակերտների փոխանակման, առցանց օլիմպիադաների, ամառային ճամբարի կազմակերպման, գիտակրթական խորհրդակցությունների կազմակերպման, մասնագիտական գրականության, մեթոդական ձեռնարկների, աշխատությունների, պարբերականների և այլ նյութերի փոխանակման ուղղություններով:
Բացի այդ, կողմերը կհամագործակցեն նաև համատեղ աշխատանքային խմբերի ձևավորման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների քննարկման և լուծման, կողմերի գործունեությանն առնչվող համապատասխան նյութերի հրատարակման, համատեղ իրականացվող աշխատանքների արդյունքների, դրանց խոչընդոտող հանգամանքների մասին տեղեկատվության փոխանակման և այլ ուղղություններով։