22/08/2017 20:08
Ադրբեջանի բանակում զանգվածային թունավորումներ են գրանցվել
Օրերս ադրբեջանական բանակում գրանցվել է զանգվածային թունավորում, այս մասին Aysor.am-ին հայտնի դարձավ սոցցանցի ադրբեջանական սեգմենտում շրջանառվող փաստաթղթից: Փաստաթուղթը զեկուցագիր է 172 զ/մ հրամանատար Էլշան Գապագովից գեներալ Հաքանի Ջաբրաիլովին:
Զեկուցագրում զորամասի հրամանատարը մասնավորապես հայտնում է, որ օգոստոսի 17–18-ին իր ենթակա զորամասում շարքային անձնակազմի զանգվածային թունավորման դեպքից հետո ժամանակավորապես դադարեցվել է «Qafqaz Konserv Zavodu»-ի արտադրության «Կաղամբի տոլմա» (Kələm Dolması) պահածոների տրամադրումն անձնակազմին, խստացվել է վերահսկողությունը զորամասի ճաշարանում և սննդի պահեստում, ինչպես նաև միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի հոսպիտալ տեղափոխված զինծառայողները հեռախոսային և ընդհանրապես որևէ կապ չհաստատեն այլ քաղաքացիական անձանց հետ:
Գնդապետ Գապագովը նաև տեղեկացրել է, որ թունավորման դեպքն առաջինը չէ, և չնայած սպաների կողմից տարվող բացատրական աշխատանքին, զինծառայողները հրաժարվում են այդ ընկերության արտադրության պահածոներից: