22/08/2017 12:43
Գլոբալ և համակարգային խնդիրները մեկ-երկու ամսում չեն լուծվում. Արայիկ Հարությունյանը՝ քաղաքապետարանում «Ելքի» գործունեության մասին
Գլոբալ և համակարգային խնդիրները մեկ-երկու ամսում չեն լուծվում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով անցնող երկու ամսում «Ելք»-ի՝ քաղաքապետարանում ծավալած գործունեությանը:
Հարությունյանը նշեց, որ «Ելք»-ը իր գործունեության ընթացքում իրականացնում է այն ծրագրային կետերը, որոնք առաջ է քաշել, մինչդեռ ամբողջությամբ ծրագրերը կյանքի կոչելու համար «Ելք»-ը չունի անհրաժեշտ լծակներ, քանի որ իշխանության գլխում չէ:
«Մենք շատ ակտիվ մասնակցում ենք տրանսպորտի բարեփոխման քննարկումներին: Քչերն ուշադրություն դարձրին այն հանգամանքի վրա, որ մենք կարմիր գծերի թանկացման հետ կապված քննարկումներում ակտիվ ներգրավված էինք և նաև մեր գործունեության ընթացքում 50 դրամի փոխարեն 2 դրամով թանկացում տեղի ունեցավ», - նկատեց Ա. Հարությունյանը:
Վերջինս նաև ընդգծեց, որ Վերնիսաժում մուղամը վերացնելու խմբակցության կողմից արված առաջարկը հասարակության որոշ խմբերի կողմից լավ չընդունվեց, մի մասն էլ այն դիտարկեց որպես սահմանափակում, մինչդեռ Հարությունյանի պնդմամբ՝ Վերնիսաժը քաղաքապետարանի հսկողության տակ գտնվող տարածք է, որը միջավայր է ձևավորում, ստեղծում կապ զբոսաշրջիկների հետ, ուստի այդ պահանջը բնական է:
«Արցախում պետական մակարդակով հանրային վայրերում ռաբիսն արգելված է, և ես որևէ անգամ չեմ տեսել քննադատություն մարդկանց կողմից», - հավելեց նա: