22/08/2017 16:24
Արծվիկ Մինասյանը չի պատրաստավում հրաժարական տալ Խոսրովի անտառի հրդեհի պատճառով
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը չի պատրաստվում հրաժարական տալ Խոսրովի անտառի հրդեհի պատճառով, այս մասին նախարարը հայտարարեց «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ:
«Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է: Որևէ գործողություն կամ հրաժարական պաշտոնից հեռանալու մասին քաղաքան գործընթաց է ենթադրում: Որպես քաղաքական պաշտոն՝ ես զբաղեցնում եմ այս պաշտոնը ՀՅԴ և Հանրապետության նախագահի որոշմամբ», - նշեց Արծվիկ Մինասյանը:
Նախարարն ընդգծեց, որ ինքը չի պատրաստավում հրաժարական տալ երկու պատճառով՝ նախ այն, որ անգործության դրսևորում նախարարության կողմից չկա, երկրորդ՝ տեսնում է վճռականություն՝ ոլորտում բարեփոխումներ իրականացնելու:
«Այսօր էլ վարչապետի հետ քննարկում ենք ունեցել: Հիմա այս վիճակի վերլուծությունն ու առաջարկվող մոտեցումները պետք է ներկայացնենք», - ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ ինքը վճռական է տրամադրված ռեֆորմներ իրականացնելու հարցում:
Արծվիկ Մինասյանը նաև հերքեց հանրության շրջանում տարածված խոսակցություններն այն մասին, որ Խոսրովի անտառի հրդեհը դիտմամբ է կազմակերպվել՝ այդտեղ շինարարություն սկսելու նպատակով: