22/08/2017 14:00
Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ մեղադրվող կնոջը տեղափոխել են «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանին տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն՝ ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:
1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված և կապկպված սավանով, պոլիէթիլենային տոպրակներով և մուգ գույնի պարաններով։ Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրված և ջնջխված վերքեր, իսկ հագին եղել է վարտիք և շապիկ։
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է սպանության եղանակը, շարժառիթը, փաստական տվյալներ ձեռք բերվել առ այն, որ Մ.Սիմոնյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են տուժողի կնոջ կողմից։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությունը շարունակվում է: