23/08/2017 13:30
Սյունիքի մարզում շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում գազի ճնշման գերազանցումը
Տնտեսական զարգացման և ներդրումներ նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Սյունիքի մարզում հանդիպել է ոչ պարենային ապրանքների արտադրմամբ, ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների հետ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը և ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մասնագետները ներկայացրել են երկրորդ եռամսյակում մարզում կատարված ստուգումների արդյունքները, խնդիրները, ոլորտում առկա նորությունները: Նշվել է, որ շարունակում է լուրջ խնդիր լինել ԱԳԼՃԿ-ներում գազի լիցքավորման ժամանակ ճնշման գերազանցումը, որն էլ երբեմն բալոնների մաշվածության պատճառով հանգեցնում է պայթյունների և մարդկային կորուստների։ Մասնագետները տնտեսվարողներին հորդորել են հետամուտ լինել խնդրին։
Իր հերթին «Իրազեկ եւ պաշտանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը խոսել է հանրային վերահսկողության դերի կարևորության մասին։
«Մտածենք մեր բոլորի, մեր երեխաների առողջության մասին, ու առանց սերտիֆիկատի ապրանք մի իրացրեք։ Պահանջեք ներկրողից որակի հավաստման փաստաթուղթը։ Եթե այն առկա չէ, ոչ միայն ինքներդ մի վերցրեք ապրանքը, այլև այդ մասին բարձրաձայնեք, խնդիրը հանրայնացրեք», - նշել է նա: