23/08/2017 13:46
Ոստիկանները շատ մոտ կանգնած նկարահանում են մեր գործողությունները. «Սասնա ծռերի» գործով պաշտպան Լուսինե Սահակյանը` դատավորին
«Սասնա ծռերի» գործով դատարանի դահլիճ բերվեցին ամբաստանյալներ Կարո Եղնուկյանը, Պավել Մանուկյանը և Արեգ Կյուրեղյանը: Նրանց մուտքը դահլիճ ուղեկցվեց ծափահարություններով:
Այս ընթացքում պաշտպաններից Լուսինե Սահակյանը, դիմելով դատավոր Արտուշ Դաբրիելյանին, բողոքեց դատարանում ներկա ոստիկանների պահվածքից:
«Քիչ է, որ նրանք շատ մոտ կանգնած հետևում են, թե մենք ինչ ենք անում մեր սարքավորւմներով, հիմա էլ իրենց հեռախոսներով նկարահանում են կատարում, ինչի իրավունքը չունեն: Մենք մեր պաշտպանյալների հետ գործողություններ ենք կատարում: Չեմ պատկերացնում, որ ամբաստանյալներն այստեղից հեռանալու որևէ հնար ունեն», - ասաց Լուսինե Սահակյանը:
Դատավորը խնդրեց ոստիկաններին մի փոքր հեռու կանգնել, սակայն պաշտպանները նշեցին, որ պետք է լուծում տրվի արդեն իսկ կատարված գործողություններին և ոստիկանից վերցվի հեռախոսն ու ջնջվի արված ձայնագրությունը:
«Դա փաստաբանական գաղտնիքի հրապարակում է», - ասաց Լուսինե Սահակյանը:
Դատավորը ոստիկանից պահանջեց, որ տեղում ջնջի արված տեսագրությունը: