23/08/2017 12:52
Հայկ Հարությունյանը բնականոն է համարում, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում մեկ թեկնածու է առաջադրված
Փաստաբան Հայկ Հարությունյանը արտառոց չի համարում, որ Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է:
«Ես չեմ համարում, որ դա բնականոն չէ, դիրքորոշումս նորմալ է», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ.Հարությունյանը:
Նա նաև նշեց, որ իր ակնկալիքները ընտրությունների հետ կապված չեն:
«Շատ եմ կարևորում փաստաբանության դերը և կարծում եմ, որ փաստաբանության դերը կարևոր է առհասարակ իրավական ռեֆորմների տեսանկյունից, բայց կարծում եմ, որ այդ փոփոխությունները պարտադիր չէ կապված լինեն ընտրությունների հետ: Պետք է ուղղակի հետևողական աշխատանք կատարել», - ընդգծեց փաստաբանը:
Սեպտեմբերի 9-ին տեղի կունենան Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններ։ Միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ՓՊ նախորդ ընտրություններում առաջադրված թեկնածուներից ՓՊ անդամ Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, որ չի առաջադրվելու ընտրություններում, քանի որ Պալատը «հիվանդ կառույց է և ինքը էներգիա չունի դրա վրա ծախսելու համար»: