23/08/2017 11:41
Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկեն ԵԱՏՄ-Թուրքիա համագործակցության հարցը. քաղաքագետ
Չի բացառվում, որ ՀՀ և ՌԴ նախագահներն այսօր Սոչիում կայանալիք հանդիպման ընթացքում քննարկեն նաև ԵԱՏՄ-Թուրքիա համագործակցության հարցը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:
«Չի բացառվում, որ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվի նաև այն հարցին, թե ինչ ձևաչափով կարող է կամ չի կարող ընդլայնվել տվյալ միավորումը», - նշեց քաղաքագետը:
Քաղաքագետը նկատեց, որ այստեղ խոսքը ոչ թե Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու մասին է, այլ դրանում որոշակի ներգրավվածություն ունենալու:
«Խոսքն անմիջապես անդամակցության մասին չի եղել: Թուրքական կողմը չի հայտարարել, որ ցանկություն ունի անդամակցել ԵԱՏՄ-ին: Խոսքն ուրիշ ձևաչափի մասին է: Խնդիրը հետևյալն է, թե ինչ վերաբերմունք է Հայաստանը ցուցաբարելու: Առայժմ մենք կարող ենք ասել, որ պաշտոնական Երևանն արձագանքել է այս հարցին այնպես, որ Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոեկտում չի տեսնում՝ հաշվի առնելով Թուրքիայի վերաբերմունքը Հայաստանի և տարածաշրջանային խնդիրների նկատմամբ», - ընդգծեց նա:
Քաղաքագետը նշեց, որ Հայաստանը կամ պետք է դիտարկի այն հարցը, թե ինչ է ստանալու, եթե Թուրքիան ինչ-որ ձևաչափով մասնակցի պրոեկտին կամ էլ դեմ արտահայտվի Թուրքիայի ներգրավվածությանը ԵԱՏՄ-ին:
Դիտարկմանը, թե արդյոք առևտրատնտեսական հարաբերությունների առումով Թուրքիայի որոշակի ներգրավվածությունը միության մեջ ձեռնտու կլինի նաև Հայաստանի համար, Ա. Մարկարավորն ասաց.
«Տվյալ պահին ֆորմալ առումով առևտրատնտեսական հարաբերություններ մենք չունենք: Եթե մենք խոսում ենք դրանց մասին, ապա այս ձևաչափում դա ենթադրում է նաև սահմաների բաց լինելը, իսկ տվյալ պարագայում ես չեմ պատկերացնում սահմանների բաց լինելը», - ասաց նա:
Այսօր Սոչիում տեղի է ունենալու ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու են քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր:
Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր կնքել, որը կվերաբերի ծառայությունների և ներդրումների ոլորտին: