23/08/2017 14:48
Պանաման հոկտեմբերից վիզա կսահմանի ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիների համար
Ճգնաժամի մեջ հայտնված Վենեսուելայի քաղաքացիները հոկտեմբերի 1-ից ստիպված կլինեն վիզա ստանալ Պանամայի տարածք մուտք գործելու համար: Այդ մասին հայտարարել է Պանամայի նախագահ Խուան Կարլոս Վարելան, փոխանցում է РИА Новости-ն:
«Վենեսուելայում իրավիճակը հազարավոր մարդկանց միգրացիայի պատճառ է դարձել, ովքեր ավելի լավ ապագա են փնտրում իրենց և իրենց ընտանիքների համար: Վենեսուելայում ժողովրդավարական կարգի տապալումը վտանգի տակ է դնում մեր անվտանգությունը, տնտեսությունը և պանամացիների աշխատատեղերը», - գրել է Պանամայի առաջնորդը Twitter-ում:
Նա հավելել է, որ վիզայի ռեժիմը կպահպանվի, մինչև Վենեսուելայում «չվերականգնվի ժողովրդավարական կարգը և չսկսեն հարգել մարդու իրավունքները»: