23/08/2017 14:26
Երբ ինձ սանկցիայից կհանես, կգամ կասեմ` իմ պաշտպաններն ովքեր են. Պավել Մանուկյանը` դատավորին
«Սասնա ծռերի» գործով դատական նիստերի դահլիճում շարունակվեց ամբաստանյալների նկատմամբ կիրառված սանկցիայի ու նրանց բացակայության պայմաններում պաշտպանների գործունեությունը:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ամբաստանյալ Պավել Մանուկյանիn հարցրեց` նա հրաժարվու՞մ է իր պաշտպաններից:
«Մինչև հիմա ձեր ցանկությամբ ինչ ուզել` արել եք, հիմա ես սանկցիայի տա՞կ եմ, թե՞ չէ, եթե սանկցիայի տակ եմ, ձեր հարցերին չեմ պատասխանում», - ասաց Պավել Մանուկյանը:
Դատավորը նշեց` այո, սանկցիան պահպանվում է, ինչին ի պատասխան Պավել Մանուկյանն ասաց, որ այդ դեպքում հիմա չի քննարկելու իր պաշտպանների հարցը ու դրա վերաբերյալ կխոսի միայն սանկցիայի ավարտից դատական դահլիճ վերադառնալուց հետո:
«Այսինքն՝ նշե՞մ, որ հրաժարվում եք ձեր պաշտպաններից», - ճշտեց դատավորը:
«Չեմ հրաժարվում, էլի եմ ասում, բոլորը երազում են իմ պաշտպանների նման պաշտպաններ ունենալ, բայց իմ բացակայության ընթացքում, եթե իմ պաշտպանները կմասնակցեն դատական գործընթացին, ես բողոքարկելու եմ Փաստաբանների պալատ, որ առանց իմ ներկայության նրանք ներկա են գտնվում դատերին: Հիմա էլ ասելիք չունեմ, երբ ինձ սանկցիայից կհանես, ես այդ ժամանակ կասեմ՝ իմ պաշտպաններն ովքեր են», - ասաց Պավել Մանուկյանը:
Նույն կերպ արձագանքեցին նաև մյուս ամբաստանյալները:
«Առանց իմ ներկայության` ոչ մի պաշտպանություն», - ասաց Արայիկ Խանդոյանը: