23/08/2017 13:11
Դուք չեք կարող այս գործը օբյեկտիվ քննել և պետք է հեռանաք. «Սասնա ծռերի» պաշտպանները պահանջում են դատավորի ինքնաբացարկը
«Սասնա ծռեր»-ի գործով դատավարության ժամանակ դատավոր Արտուշ Գաբրիելյանը հորդորեց պաշտպանյալներին ներկայանալ դատական նիստերին:
Դատարանին անհայտ պատճառով դատարանից բացակայում էին փաստաբաններ Երվանդ Վարոսյանը, Մուշեղ Շուշանյանը, Արա Վարոսյանը, Հայկ Ալումյանը, Տիգրան Եգորյանը, Սյուզաննա Խչեյանը, իսկ Դավիթ Գյուրջյանը դիմում է ներկայացրել արձակուրդում լինելու մասին:
Փաստաբան Տիգրան Հայրապետյանն էլ հայտարարեց, որ Հայկ Ալումանին թույլ չեն տվել մուտք գործել դատարան՝ պատճառաբանելով, թե նա պետք է ազատվի իր մոտ առկա սուր, կտրող-ծակող գործիքներից, իսկ երբ փաստաբանն առաջարկել է ներկայացնել արգելված իրերի ցանկը, կարգադրիչը հրաժարվել է:
«Հանձնարարում եմ դատական կարգադրիչների ղեկավարին համապատասխան միջոցներ ձեռնարկել ճշտելու, թե ինչու Հայկ Ալումյանին չեն թույլատրել մտնել դատարան», - ասաց դատավորը:
Այնուհետև Տիգրան Հայրապետյանը պահանջեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի ինքնաբացարկը՝ նշելով, որ վերջինս հարված է հասցրել Եղնուկյանի արժանապատվությանը:
«Սասնա ծռեր» խմբի անդամների մյուս փաստաբանները ևս միացան Արտուշ Գաբրիելյանին ինքնաբացարկի միջնորդության, իսկ Արա Ղարագյոզյան էլ նշեց. «Դուք չեք կարող այս գործը օբյեկտիվ քննել և պետք է հեռանաք»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտը կայացնելու: