23/08/2017 19:49
Ումի՞ց է իրականում զգուշանում Սևանի ոստիկանության գործով աղմկահարույց դիմումի հեղինակը
Aysor.am-ին մանրամասներ են հայտնի դարձել Սևան քաղաքի բնակիչ Սևակ Ոսկանյանի գործի վերաբերյալ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վերջինս դիմում էր ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին՝ նշելով, որ իրեն բերման են ենթարկել Սևանի ոստիկանություն, որտեղ խոշտանգումների միջոցով ցուցմունքներ են կորզել:
Պարզվում է, Սևակ Ոսկանյանի ցուցմունքը վերաբերում է մի միջադեպի, որը տեղի է ունեցել 2008 թվականի մայիսի 14-ին՝ Սևան քաղաքի մշակույթի տան մոտակայքում:
Այստեղ 1991 թվականին ծնված անչափահաս, Սևան քաղաքի բնակիչ Ռուբեն Գևորգյանը ենթարկվել է զինված հարձակման, վզից հափշտակել են 126 գրամ քաշով 790 000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա շղթա և դանակի սպառնալիքով նրա նկատմամբ գործադրել առողջության համար վտանգավոր բռնություն:
Սևանի քննչական բաժանմունքում տարիներ առաջ հարուցվել էր քրեական գործ, որը բացահայտվել է վերջերս և գործի քննությունը վերսկսվել է 2017 թվականին։
Պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են Սևանի երկու բնակիչներ, որոնցից մեկը մահացել է։ Նրանք ունեցել են նաև օժանդակող։
Դատախազին ուղղված դիմումից հետևում է, որ հեղինակ Սևակ Ոսկանյանը սույն գործով առանցքային ցուցմունք տվողներից է, ով պատմել էր, թե ինչպես է ծնվել հափշտակություն կատարելու գաղափարը, ում կողմից և ովքեր են մասնակցել։
Այս պահի դրությամբ մեկ անձ կալանքի տակ է, իսկ դիմումի հեղինակը քրեական գործով կասկածյալ է անցնում՝ հափշտակությանն օժանդակելու համար։
Ընդ որում, ուշագրավ է, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում նրա հետ հնարավոր չէ կապ հաստատել, իսկ իր գտնվելու վայրն անհայտ է:
Դեպքին ծանոթ սևանցիները պատահական չեն համարում Սևակ Ոսկանյանի այս դիմումն ու անհետանալը։ Նրանց խոսքով՝ օրերս նրան սպառնացել են ու պարտադրել փոխել ցուցմունքները հենց կալանավորվածի ընկերները:
Մեր զրուցակիցներն, ովքեր իրենց անվտանգության համար մտահոգվելով չցանկացան ներկայանալ, պատմեցին, որ օրեր առաջ Սևակ Ոսկանյանին կանչել են Գագարինավան, որտեղ էլ կալանավորվածի ընկերները սպառնացել են նրան, որ հրաժարվի ցուցմունքներից և հենց իրենց ներկայությամբ ստիպել, որ զանգի 1-02 և նշի, թե իբր բռնության ազդեցության տակ է ցուցմունք տվել ու այն կորզելու համար իրեն խոշտանգել են ոստիկանությունում:
Ստացվում է, որ զինված հարձակման գործով առանցքային ցուցմունք տվողի նկատմամբ ճնշում է գործադրվում։
Թե իրականում ինչ է կատարվում՝ կպարզի քննությունը, բայց այն, որ դիմումի հեղինակն այսօր թաքնվում է, իսկապես մտահոգվելու տեղիք է տալիս։ Ո՞վ կարող է երաշխավորել, որ նամակը նա է գրել իր սեփական կամքով և ոչ թե մեկ ուրիշը կամ պարտադրանքով։
Իրավապաշտպանները ևս պետք է մտահոգված լինեն նրան հայտնաբերելու և անկողմնակալ քննություն իրականացնելու հարցում։