23/08/2017 13:41
Ես ձեզ թույլ չեմ տալիս լքել դահլիճը. «Սասնա ծռերի» գործով դատավորը` պաշտպանին
«Սասնա ծռերի» գործով պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատական նիստի վերսկսվելուց հետո դիմեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին` նշելով, որ պատրաստվում է լքել դահլիճը, քանի որ իր պաշտպանյալ Կարո Եղնուկյանը կիրառված սանկցիայի պատճառով ներկա չէ դատավարությանը:
Նա ընդգծեց` իր պաշտպանյալը չի լիազորել իրեն պաշտպանյալի բացակայության ժամանակ իրականացնել նրա իրավունքների պաշտպանությունը:
«Հարգելի դատարան, քանի որ ես լիազորված չեմ, ստիպված եմ լքել դահլիճն ու խնդրում եմ իմ այս վարքագիծը չդիտարկել որպես դատարանի հանդեպ անհարգելից վերաբերմունք», - ասաց Տիգրան Հայրապետյանը:
Դատավորը, սակայն, մերժեց այս դիմումը` նշելով, որ պաշտպանը պարտավոր է մնալ նիստերի դահլիճում, քանի դեռ չունի դատավորի թույլտվությունը:
«Ինչ վերաբերում է ձեր պաշտպանյալի կողմից չլիազորելուն, նա չունի նման իրավասություն ձեզ ասելու, դա անօրինական գործողություն է», - ասաց դատավոր Արտուշ Գաբրիելյանն` ընդգծելով.
«Ես ձեզ թույլ չեմ տալիս լքել դատական նիստերի դահլիճը»: