23/08/2017 12:43
Տնտեսական ակտիվության մակարդակը Արցախում զարգացման նոր հեռանկարներ է ուրվագծում
Սկսած 2011 թ.-ից` ՀՀ-ում, իսկ 2015թ.-ից` Արցախում Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ամսական կտրվածքով ներկայացնում է ոչ թե ՀՆԱ ցուցանիշը, այլ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ-ը) միջազգային չափանիշներին համապատասխան, որն ընդգրկում է տնտեսական գործունեության բոլոր տեսակները և յուրաքանչյուր ամսվա համար իրենից ներկայացնում է ամբողջ տնտեսության կտրվածքով մեկ ագրեգացված ցուցանիշ` ինդեքսի տեսքով: Ներկայացնենք տնտեսական ակտիվության ցուցանիշը 2015-2017թթ. 1-ին կիսամյակների կտրվածքով.
2015թ. հունվար-հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 107.0 %` կապված արդյունաբերական արտադրանքի ծավալի` 10.1%, գյուղատնտեսության համախառն արտադրանքի` 41.4 % և ծառայությունների ծավալի` 9.4 % աճի հետ:
2016թ. հունիսին ՏԱՑ-ը, 2015թ. հունիսի համեմատ, կազմել է 107.0 %, հունվար-հունիսին, 2015թ. հունվար-հունիսի համեմատ, կազմել է 106.6 %` հիմնականում պայմանավորված գյուղատնտեսության համախառն արտադրանքի 12.2 % և ծառայությունների ծավալի 8.3 % աճով: Նախորդ տարվա համեմատ 0.4% նվազումը հանրապետությունում իրականացված շինարարական աշխատանքների ծավալի 1.3 %, արդյունաբերական արտադրանքի ծավալի 1.9 % և առևտրի շրջանառության 15.3 % անկման հետևանք էր:
2017թ. հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2016թ. հունիսի համեմատ կազմել է 113.9 %, հունվար-հունիսին 2016թ. 1-ին կիսամյակի համեմատ ցուցանիշը կազմել է 115.0 %, ինչին մեծապես նպաստել են արդյունաբերական արտադրանքի ծավալի 50.1%, շինարարության ոլորտում արձանագրված 38.3%, առևտրաշրջանառության 17.9%, զբոսաշրջության ոլորտի 46%, ծառայությունների ծավալի 4.4% աճը:
Ինչպես տեսնում ենք, տնտեսական ակտիվության աճի տեմպն արագացել է` 2017թ. 1-ին կիսամյակում արձանագրելով 15% աճ, ինչը որոշիչ է նաև տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշի հարցում և թույլ է տալիս խոսել Արցախի տնտեսական զարգացման լուրջ հեռանկարների մասին:
Այսպիսով, երկրի տնտեսական առողջությունը չափող այս ցուցանիշը, ի տարբերություն Ազգային հաշիվների մեթոդաբանությամբ հաշվարկվող ՀՆԱ ցուցանիշի, բնութագրում է ոչ թե ավելացված արժեքի, այլ տնտեսությունում ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը` հանդիսանալով ավելի օպերատիվ, ընդունելի ու ներդրումների տեսանկյունից առավել գրավիչ ցուցանիշ: Այն օգտագործվում է երկրի տնտեսական ծրագրերը կազմելու, տնտեսական հաջողությունները գնահատելու, տնտեսության բոլոր ճյուղերում տնտեսական զարգացումները կանխատեսելու համար, չի ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները, որոնք ներառված են եռամսյակային ու տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում` դրանով իսկ հստակ պատկերացում տալով տնտեսության իրական վիճակի մասին: