23/08/2017 14:08
Ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք. Արայիկ Խանդոյանը` դատարանում
«Սասնա ծռերի» գործով դատական դահլիճ բերված ամբաստանյալները դատավորի պահանջով ներկայացրեցին իրենց: Դատավորը նշեց, որ նրանց նկատմամբ կիրառված նիստերի դահլիճից հեռացվելու մասին սանկցիան չեղյալ չի համարվել, նրանց պարզապես բերել են, որպեսզի պարզեն` արդյոք լիազորում են իրենց պաշտպաններին այդ բացակայության ընթացքում պաշտպանություն իրականացնել:
«Ծնվել եմ Ապարանի շրջանի Բուժական գյուղում, դրա համար էլ ինձ Ապարանցի Պավլիկ են ասում», - ասաց Պավել Մանուկյանը:
Երբ դատավորը ներկայացնում էր իր հաշվառման հասցեն, ընթերցելով` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, Ստեփանակերտ քաղաք», Պավել Մանուկյանն ընդհատեց` «հարապետություն չի` մարզ ա»:
Արայիկ Խանդոյանը ևս ներկայացրեց իրեն, երբ դատավորը նշեց, որ նա դատապարտված չի եղել, ամբաստանյալը հակադարձեց. «Ես մոռացա ասեմ, ես դատապարտված եմ Ադրբեջանի Հանրապետության կողմից, նույն էս հոդվածներով հա, էս ինչ որ դուք եք ասում»:
Անդրադառնալով պաշտպանների հարցին` Արայիկ Խանդոյանը նշեց. «Իմ ազգն ա իմ պաշտպանը, ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք»: