13/09/2017 12:01
Միակ ճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելն է. Շարմազանով (Տեսանյութ)
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ Հայաստանում միակ ճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Շարմազանովը։
«Եկեղեցին միակ վայրն է, որտեղ մարդը մտնում և ստանում է դրական էներգիա։ Ես կողմ եմ այդքան եկեղեցիների կառուցմանը։ Միակ, ամենաճիշտ ներդրումը Հայաստանում եկեղեցի կառուցելն է», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Դիտարկմանը, թե մեղքերն են քավում եկեղեցի կառուցելով՝ Շարմազանովը արձագանքեց. «Մեղքերը միայն Աստծո մոտ են քավում։ Եկեղեցի կառուցելով... Ես հասարակ, սովորական մարդ եմ, ոչ էլ դատավոր եմ՝ որոշեմ՝ ով ինչքան մեղք գործեց։ Սա լուրջ խնդիր է, ժողովուրդ։ Սկսել ենք պրիմիտիվացնել»։
Մյուս դիտարկմանը, թե կարող են տնտեսությունը զարգացնելու համար ներդրումներ կատարել, ԱԺ փոխնախագահը արձագանքեց. «Ես ձեզ ասում եմ՝ Աստծունը Աստծուն, կեսարինը՝ կեսարին։ Եկեղեցի կառուցելը չի կարելի հակադրել տնտեսության զարգացման հետ։ Ձեռքներդ հեռու պահեք հայ եկեղեցուց»։
Շարմազանովը վրդովվեց, երբ լրագրողը նկատեց, որ եկեղեցին պետք է անջատ մնա պետությունից, բայց Հայաստանում այդպես չէ. «Լավ է արել, բա ի՞նչ պետք է անի, բա կարող ա աղանդավորական կազմակերպությունները անե՞ն։ Այո՛, եկեղեցին մեր սուրբ եկեղեցին է, ու պետք է դպրոցներում Հայ եկեղեցու պատմության ժամերը ավելացնեն, ավելին՝ բուհում էլ, ձեր շրջապատում էլ»։
Լրագրողը նկատեց, որ բանակում ստիպում են աղոթել, ինչին Շարմազանովը արձագանքեց. «Չեն ստիպում։ Լավ են անում, ճիշտ են անում, իրավունքների խախտում չի։ Ոչ պոռնկություն են քարոզում, ոչ էրոտիկա։ Շատ ճիշտ ա, որ բանակում աղոթքով են սկսում, հըլը պիտի պառլամենտում էլ, ամեն տեղ էլ պետք է ունենանք մեր հոգևոր զարթոնքը»։