13/09/2017 17:55
Հոկտեմբերից Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռիչքների քանակը ավելանալու է. Վարչապետ
Գյումրու նկատմամբ վերաբերմունքը լինելու է չափազանց ուշադիր, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի հարցին։
Պատգամավորին մտահոգել էր Գյումրիում սոցիալական ծանր վիճակը։
«Արտագաղթը սոսկալի չափերի է հասնում Գյումրիում, տուրիզմի ոլորտում էլ, ցավոք սրտի, կաղում է Գյումրի քաղաքը։ Սովետական ժամանակներում Լենինականը երկրորդ քաղաքն էր, որտեղ անպայման գալիս էին. 1700 հուշարձան կա Գյումրի քաղաքում, այդ հուշարձանների վերանորոգման խնդիր կա։ Մի խոսքով, ժամանակը չի՞ որ էլ չլսենք, թե սոցիալապես ամենաանպահով խավը գտնվում է Գյումրի քաղաքում», - դիմելով կառավարությանը՝ հայտարարեց Ղուկասյանը։
Վարչապետն ի պատասխան, ասաց, որ չի կարծում, թե հարկային արտոնությունները խանգարող հանգամանք են Գյումրին զարգացնելու համար։ «Հայաստանի զարգացման հիմնադրամը ստացել է հանձնարարություն և այնտեղ տեղաբաշխված է լինելու իրենց դուստր ձեռնարկությունը, որը կզբաղվի կայուն զարգացման ծրագրով», - ասաց վարչապետը։
Կառավարության ղեկավարը նկատեց, որ զբոսաշրջության ոլորտում «Գյումրու ներուժը» չի օգտագործվում և վստահեցրեց, որ «Կումայրի» զարգացման ծրագրի շրջանակում Գյումրին կակտիվանա։
Բացի այդ, վարչապետի խոսքով, Գյումրու «Շիրակ» օդանավակայանն է ակտիվ աշխատում, որտեղ թռիչքներ են իրականացնում երկու ավիաընկերություններ, և ավելին, հոկտեմբերից թռիչքների քանակը կավելանա։
«Հստակ խնդիր ենք դրել մի շարք ավիաընկերությունների հետ, որ թռիչքների աշխարհագրությունը Գյումրիից փոխվի», - ասաց վարչապետը։