22/09/2017 11:42
Երբ գնամ Թուրքիա, ջանքեր կթափեմ, որ հայ-թուրքական երկխոսության դուռը բացվի. Գարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանն այսօր հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իսկ մինչ այդ նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ փորձելու է ջանքեր գործադրել հայ-թուրքական երկխոսության վերսկսման ուղղությամբ:
«Ամենամութ ձմեռվա մեջ պետք է մենք՝ ժողովրդավարներս, գտնենք ճամփա, պետք է ջանք թափել: Ժողովրդավարությունը Թուրքիայում անկում է ապրում, և Հայաստանն ավելի ինքնավստահ է հիմա, երբ ասում է, որ եթե այսպես չլինի, կանի որոշ գործողություններ: Երկխոսության դուռը պետք է բացել, և ես փորձելու եմ այդ ուղղությամբ ջանքեր գործադրել: Երբ Թուրքիա վերադառնամ, նախարարների հետ պետք է խոսեմ, դուռը քիչ մը բանալու համար պետք է ջանամ», - հայտարարեց Փայլանը՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահի հայտարարությունը:
Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ։
«Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների», - ասել էր ՀՀ նախագահը: