.jpg)
23/03/2018 16:19
Մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում «քցած է լինելու», ժողովուրդը կարող է գնալ վերցնել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Մեզ համար սկզբունքային է քաղաքական պայքարի խաղաղ անցկացումը, լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
«Այն ենթադրում է շատ կոնկրետ գործողություններ, բայց բացառում է բռնությունը», - նշեց Փաշինյանը։
Նա նաև ողջունեց Վալոդյա Ավետիսյանին, ով հացադուլ է անում և նստացույց անողներին, ովքեր դեմ են Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալուն:
Դիտարկմանը, թե արդյոք հասարակության շրջանում նկատվում է էներգետիկա փոփոխություններ կատարելու համար, Փաշինյանն ասաց. «Մենք կարող ենք ասել, որ մեր շրջանում էներգետիկա զգում ենք։ Սկզբի համար դա, կարծում եմ, բավարար է ու մենք հույս ունենք, որ մեր գործողություններով այդ էներգետիկան կհաղորդենք հանրությանը»։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր կլինի 2008 թվականի նման այդքան մարդ հավաքել Ազատության հրապարակում, Փաշինյանն ասաց. «Դա այն հարցն է, որի պատասխանը մենք կփորձենք գտնել։ Մենք հիմա ասում ենք, որ մեզնից կախվածը կանենք։ Ես իմ քայլը կանեմ, և ով քայլ ունի անելու, թող այդ քայլը անի»։
Փաշինյան նշեց, որ նոր Սահմանադրությունը չի խոչընդոտում պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարացման դեմ՝ պնդելով, որ ապրիլի 9-17-ը երբ դեռևս Հայաստանը վարչապետ չի ունենա, հետևաբար Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով ազդեցություն չի ունենալու ոչ ԱԱԾ-ի, ոչ էլ ոստիկանության վրա, իսկ նոր կառավարությունն էլ դեռ ձևավորված չի լինելու, ապա հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել։
«Կոպիտ ասած, եթե քաղաքական ժարգոնով արտահայտվելու լինենք՝ էդ մի շաբաթվա ընթացքում իշխանափոխությունը հրապարակում «քցած է լինելու», և եթե պարզվի, որ կա ժողովուրդ, ով պատրաստ է այն գնալ վերցնել այդ իշխանությունը, կգնա և կվերցնի», - ասաց նա։