09/05/2018 13:36
Բանակի հայտարարությունները պայմանավորված չեն ներքին իրավիճակով. Սահմանային լարվածությունը պահպանվում է. Վիգեն Սարգսյան
Շատ անպատասխանատու էր հրապարակից եղած արձագանքը սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր հայտարարությանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։
«Ենթադրել, որ Զինված ուժերը կարող են անել հայտարարություն ներքական պրոցեսների համար, բացարձակ անարգանք է ոչ միայն Պաշտպանության նախարարի համար, այլև՝ առաջնագծում կանգնած զինվորի։ Պատկերացրեք՝ ես անում եմ սուտ հայտարարություն ու իմ սպան, իմ զինվորը տեսնում են իրական իրավիճակը, ինչպե՞ս եմ ես նրանց աչքերի մեջ նայելու», - ասաց Վիգեն Սարգսյանը։
Նա նշեց՝ սահմանային իրավիճակի մասին տեղեկանալու համար այս օրերին այդպես էլ որևէ զանգ չի ստացել Սասուն Միքայելյանից, Նիկոլ Փաշինյանինց կամ շարժման այլ անդամներից։
«Կրկնում եմ՝ բանակի հայտարարությունները չեն կարող պայմանավորված լինել ներքին իրավիճակով։ Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, այն շարունակում է լարված մնալ։ Լարվածությունը պայմանավորված էր ոչ թե կրակի բարձր ինտենսիվությամբ, այլ՝ կուտակումներով, այդ կուտակումները շարունակում են մնալ նույնը, և մեր զինված ուժերը վերահսկում են իրավիճակն ու պատրաստ են ցանկացած գործողություններին հակազդել», - ասաց Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։