05/06/2018 17:33
Հանրային հեռուստաընկերությունում գումարների վատնում, շեղում, չարաշահում տեղի չի ունեցել. Մարգարիտա Գրիգորյան
Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի կարծում, թե Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսական չարաշահումներ են եղել, ինչպես հրապարակվել է մամուլում։
«Խոսքը ընթացակարգային շեղումների մասին է և միայն մոտ 180 մլն դրամի մասին է խոսքը, որը վերականգնման ենթակա գումար է եղել ու դա վերականգնվել է։ Իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխան արձանագրումենր են եղել, և դրանք այժմ շտկվել են»,- այսօր խորհդրարանում Հանրային հեռուստառադիոընկերության բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսական չարաշահումների մասին հարցերին։
Նշենք, որ հանրայինում ֆինանսական չարաշահումների հայտնաբերման մասին գրել էր «Հետք» էլեկտրոնային պարբերականը։ Երկու հոդվածներում աղբյուրը անդրադարձել էր կատարել Հանրային հեռուստաընկերությունում գրանցված խախտումներին՝ նշելով, որ Ֆինանսների նախարարության Հայաստանի պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության՝ 2017 թվականի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունից պարզ է դարձել, որ պետբյուջեից Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հատկացվող գումարները ծախսվել են խախտումներով․ ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստ է արձանագրվել։
Հանրայինի բյուջեի կատարողականը ներկայացնող Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանն ասաց, որ կանխատեսել է նման հարց և այդ պատճառով էլ խնդրել է, որպեսզի քննարկմանը ներկա լինի նաև Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը։
Արձագանքելով հարցին պատասխանելու մասին Ջաղինյանի հորդորներին, Գրիգորյանը կրկնեց Ջանջուղազյանին և ասաց, որ խնդիրները եղել են տեխնիկական ու հաշվետվությունների տողերի սխալ ձևակերպումների հետևանքով ծագել են հարցեր։
«Տեղի է ունեցել հետևյալը՝ այս տարվա կտրվածքով անհրաժեշտ է եղել գնել ընդունենք 5 տեսախցիկ, սակայն ընթացքում պարզվել է, որ վնասվել է ձայնային ստուդիայի վահանակը, սակայն մենք լուծումը գտել ենք ու գնել ենք երկու տեսախցիկ, և մեկ վահանակ, որպեսզի հատկացվող գումարը չգերազանցվի։ Պնդում եմ՝ գումարի վատնում, շեղում, չարաշահում տեղի չի ունեցել։ Տեղի է ունեցել բյուջեի տողերի ձևակերպումների տարբերություն, բայց հետագայում մեզ ասվել է, որ նման փոփոխություն անելու դեպքում պետք է դիմեինք ֆինանսների նախարարություն»,- ներկայացրեց Մարգարիտա Գրիգորյանը։
Նա ընդգծեց, որ Հանրային հեռուստառադիոընկերության ղեկավար մարմինը Հանրային հեռուստառադիո ընկերության խորհուրդն է և ցանկացած նման փոփոխության դեպքում իրենք դիմել են խորհրդին ու ստացել թույլտվություն։
Գրիգորյանի խոսքով, Հանրային հեռուստաընկերությունը գտնվում է 60-ականներին կառուցված շենքում, որտեղ պարբերաբար շինարարություն կատարելու անհրաժեշտություն առաջանում է և հրապարակված 2 մլրդ դրամը հիմնականում ծախսվել է ընթացիկ խնդիրների լուծման վրա։
«Ես հակսանում եմ, որ 2 մլրդ դրամը հնչեղ թիվ է, ես հասկանում եմ, որ դա կարող է համարվել սխալ մենեջմենթի արդյունք, բայց, ես չեմ համաձայնի նման դիրքորոշումների հետ, քանի որ այդ մենեջմենթը Հանրային հեռուստաընկերությունում իրականացրել է շենք-շինությունների պահպանման ահռելի ծավալի աշխատանք, տեխնիկա է ձեռքբերել ու հաղորդացանցն է թարմացրել»,- ավելացրեց Մարգարիտա Գրիգորյանը։