24/07/2018 17:16
Չի բացառվում, որ Դաշնակցությունը մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. Արմեն Ռուստամյան
Երևանի ավագանու ընտրությունների ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չկա և երբ կհստակեցվի, ՀՅԴ գերագույն մարմինը կորոշի՝ մասնակցե՞լ ընտրություններին, թե՞ ոչ, այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Չի բացառվում, որ Դաշնակցությունը մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին։ Ստեղծված իրավիճակը կվերլուծի Գերագույն մարմինը և որոշում կկայացնի»,- նշեց Արմեն Ռուստամյանը։
Նրա խոսքով` Գերագույն մարմինը պետք է մանրամասն քննարկի ու հասկանա՝ ինչպե՞ս, ի՞նչ ձևաչափով է մասնակցելու կուսակցությունը ընտրական գործընթացին։
Հիշեցնենք` Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Տարոն Մարգարյանը հրաժարական էր տվել հուլիսի 9-ին։
Հուլիսի 16-ին կայացած Երևան ավագանու նիստում քաղաքապետ չընտրվեց, թեպետ առաջադրվել էր «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։ Նիստը ուղղակի չկայացավ։ Հետևաբար, ըստ օրենսդրության, պետք է տեղի ունենա Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։
Ավագանու ընտրություններին մասնակցելու մասին առայժմ պաշտոնապես հայտարարել է միայն «Ծառուկյան» դաշինքը։ Ըստ մամուլի, նրանց ցուցակը գլխավորելու է Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը։