14/01/2009 18:00
Վրացիները փորձում են տիրանալ … ՀՀ տարածքում գտնվող եկեղեցիներին
Վրաստանը հայկական ճարտարապետության հանդեպ ոտնձգությունների այլ ռազմավարություն է մշակել: Պարբերաբար վրացական մամուլում լույս են տեսնում հրապարակումներ, որոցում Հայաստանից պահանջվում են «վրացական» եկեղեցիները` այժմ էլ արդեն ՀՀ տարածքում գտնվող: Այս մասին լրագրողներին հայտնեց «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» ՀԿ նախագահ Սամվել Կարապետյանը:
Չնայած որ այդ մասին չի եղել պաշտոնական պահանջ, և վրացիների կողմից արված հրապարակումներում չեն նշվում, թե հատկապես ո՞ր եկեղեցիներն են պահանջում վերդարձնել, բայց խոսվում է 7-րդ դարում կառուցված 10 քաղքեդոնական եկեղեցիների մասին:
Սամվել Կարապետյանի տեղեկացմամբ` նման հրապարակումները տարիների պատմություն ունեն: Սակայն, եթե Վրաստանը նախկինում ամեն գնով փորձում էր ապացուցել, որ իր տարածքում գտնվող հայկական եկեղեցիները վրացական են, ապա այժմ հերթը հասել է Հայաստանի տարածքում գտնվող եկեղեցիներին: Նա նաև մանրամասն ներկայացրեց մեր պատմության այն ժամանակահատվածը, երբ Հայաստանում տարածում գտած քաղքեդոնական կրոնը դավանող հայերը Հայաստանի որոշ շրջաններում կառուցել են հայ քաղքեդոնական եկեղեցիներ:
«Ենթադրվում է, որ նրանք պահանջում են Աղթալար, Քոբայր, Հնեվանք, Կիրանց, Սրվեղ, Թեժառույք, Սեդվի վանք, Պղնձահանք, Բգգավոր եկեղեցիները, որոնք իրականում ոչ թե 7-րդ, այլ 10-13-րդ դարերի կառույցներ են»,- համոզված է Ս. Կարապետյանը:
Վրացիների նման համարձակությունը, ըստ Ս. Կարապետյանի, պայմանավորված է 10-13-րդ դարերում կառուցված եկեղեցիների որմերում հանդիպող վրացերեն գրվածքների առկայությամբ: Նա պարզաբանեց, որ գրությունները վրացերեն են, որովհետև այդ դարերում քաղաքեդոնականությունը տարածվել է միայն որոշ համայնքներում և մերժվել է հայ եկեղեցու կողմից, այդ իսկ պատճառով հայերեն գրությունները հազվադեպ են պատահում:
Ըստ Ս. Կարապետյանի` խնդրի միակ լուծումը «հասարակությանը լուսավորելն ու տեղեկացնելն է», այլապես «եթե մենք ժամանակին տեր չկանգնենք մեր ունեցվածքին, դրանց տիրողներ անպայման կգտնվեն»: