19/02/2009 17:29
Day.az-ը փակել են
Երեկվանից «անհայտ պատճառներով» չի գործում Day.az ադրբեջանական հայտնի ինտերնետ-կայքը: Մինչդեռ մեր փորձագետների հավաստմամբ` սերվերը, որի վրա տեղակայված էր հիշատակված կայքէջը գործում էր նորմալ:
Այս պահի դրությամբ, Ադրբեջանի լրատվական դաշտում մեր աղբյուրները, վերահաստատում են տվյալներն այն մասին, որ Day.az ադրբեջանական ինտերնետ-կայքի հետ կապված ծրագիրը դադարեցվել է քաղաքական դրդապատճառներով: Այս տվյալները հաստատվում են նաև նրանով, որ հիշատակված կայքէջի հայելի հանդիսացող կայքի վրա (www.dayaz.com) հայտնվում է, որ «ծրագիրը դադարեցրել է գոյությունը»:
Որոշ տեղեկությունների համաձայն, հիշատակված կայքի ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ որոշումը ընդունվել է այն բանից հետո, երբ այնտեղ տվյալներ են հրապարակվել Ադրբեջանի տնտեսությունում առկա խիստ բացասական միտումների մասին: Այլ ադրբեջանական աղբյուրներից ստացվող տվյալների համաձայն` Day.az-ի ղեկավարությունը ներգրավված էր լայնածավալ տեղեկատվական ծրագրի մեջ, որի մաս էր կազմում օրերս հայկական կողմի գործողությունների արդյունքում փակված .am դոմեյնային տիրույթում գործող կեղծված, իբր «հայկական» լրատվական versiya.am կայքը, որի «փակումը» լուրջ խնդիրներ առաջացրեց Ադրբեջանում` նախագիծը իրականացնողների և ֆինանասավորողների միջև:
Մեր մասնագետների տվյալներով, այդ գործողությունների հետ (որոնք ձախողվեցին հայկական կողմի հակազդեցության շնորհիվ) կապված է նաև Day.az-ի հետ սերտ համագործակցող, Հունգարիայում Ադրբեջանական համայնքի ղեկավար Վուգար Սեիդովը, ով հայտնի է նրանով, որ աջակցում էր ադրբեջանական իշխանություններին Ռամիլ Սաֆարովի դատավարության հետ կապված որոշակի գործողությունների համակարգմամբ: