19/02/2009 10:14
Գրքի տոն` նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան
Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է` «Գիրք նվիրելու օր»: Այս տոնը հիմնվել է Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, ինչի մասին նա հայտարարել է 2008 թ.-ին:
Նշենք, որ այս տոնը նշելու նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի կառավարությանը:
Գրքի տոնն այսօր նշելը պատահաբար չէ ընտրված: 1869 թ.-ի այս օրը Լոռվա Դսեղ գյուղում ծնվել է տաղանդաշատ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը:
Թումանյանը սկսել է ստեղծագործել 1880-ականների կեսից, այդ ժամանակ էլ սկսում է համագործակցել հայկական տարբեր թերթերի ու ամսագրերի հետ։ «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո գրողը լայն ճանաչում է ձեռք բերում:
Թումանյանի գրական գործունեության ամենահայտնի շրջանն է համարվում XIX դարի վերջին տասնամյակը – XX դարի սկիզբը։ Այդ ժամանակաշրջանում է, որ Թումանյանը հանդես է գալիս որպես ժողովրդի ստեղծագործական ավանդույթների վրա հիմնվող բանաստեղծ։
1899 թվականին Հովհաննես Թումանյանը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
XX դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-07 թվականներին գրողը մասնակցում է Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը։ Ցարական կառավարության կողմից երկու անգամ ձեռբակալվում է (1908 և 1911) ու բանտ նետվում։ 1912–1921 թթ. Թումանյանը դառնում է Հայ գրողների կովկասյան միության նախագահը, իսկ Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է օգնության կոմիտեի նախագահ (1921-22)։
Հովհաննես Թումանյանը այն եզակի գրողներից է, ում ստեղծագործություններն ուղղեկցում են մարդուն իր ողջ կյանքի ընթացքում: Մանուկների բազում սերունդներ մեծացել են նրա հեքիաթային աշխարհում: Իսկ ժողովրդական բանահյուսության վրա ստեղծված թումանյանական բալադներն ու առասպելները վերադարձնում են ընթերցողին դեպի մեր ակունքներ: Ով գիտե` դեռ որքան հանճարեղ գրական ստեղծագործություններ կթողներ սերունդներին Մեծն վարպետը, եթե 1923 թ.-ին`54 տարեկան հասականում չլքեր այս աշխարհը: