27/04/2009 20:59
Ալեքսանդր Խաչունց. «Տեսանելիից այն կողմ»
Այսօր ՀՀ ճարտարապետների միությունում ներկայացվեց Ալեքսանդր Խաչունցի անհատական ցուցահանդեսը: Մասնագիտությամբ բժիշկ-նյարդաֆիզիոլոգ Ալեքսանդր Խաչունցը նշեց, որ արդեն 15 տարի է, ինչ լուսանկարչությունը ուղղակի հրապուրանքից վերածվել է «զուգահեռ» մասնագիտության, և իր կողմից առավել հետաքրքիր են համարվում հատկապես այն աշխատանքները, որտեղ առկա է անավարտ մտքի տարրը, ինչպես նաև` կարևորեց այն հանգամանքը, թե ինչպիսի՞ տպավորություն են գործում լուսանկարները դիտողի վրա:
«Հիմա շատերն են լուսանկարում, բոլորը ունեն հեռախոսներ, որոնց միջոցով նկարում են ու նկարները տպում, մեզ` ճարտարապետներիս թվում է, թե մենք էլ ենք լավ նկարում, տարբեր ռակուրսներից լուսանկարում ենք մեր ճարտարապետական օբյեկտները, սակայն իրականում շատ դժվար է լուսանկարիչ-արվեստագետ լինելը»,-ասաց ՀՀ ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանը:
Ցուցահանդեսը նվիրված էր Իրմա Այրումյանի 70-ամյա հոբելյանին և, ինչպես նշեց Ալեքսանդր Բադալյանը, սա Խաչունցի 10-րդ ցուցահանդեսն էր, իսկ անհատական` երրորդը: Այստեղ ներկայացված են լուսանկարչի` Հայաստանում և նրա սահմաններից դուրս կատարած բազմաթիվ շրջագայությունների արդյունքում կատարված տարբեր ուղղությունների պատկանող լուսանկարչական աշխատանքները` ճարտարապետական, լանդշաֆտային, մակրոլուսանկարչական, վերացական, պիկտորիալ և այլն: Այս աշխատանքները կատարվել են 2007-2008 թվականներին և ներառում են 32 դասական ու 5 պանորամային ձևաչափի լուսանկարներ:
«Ցուցահանդեսը անվանվել է «Տեսանելիից այն կողմ», որովհետև այստեղ, մեծամասամբ, լուսանկարներ են, որոնք ներառում են ինֆրակարմիր թվային լուսանկարչության տեխնիկան և հնարավորություն են տալիս նոր հայացքով դիտել շրջակա միջավայրին, բնությանն ու շինություններին»,- նշեց Ալեքսանդր Խաչունցը: