04/05/2009 12:21
«Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշան` Կարինե Սարգսյանին
Մայիսի 3-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշան հանձնեց Կարինե Սարգսյանին` բարձր գնահատելով ազգային կյանքում նրա աստվածահաճո ընթացքը և գործունեությունը: Կարինե Սարգսյանի և լոնդոնաբնակ բարերար Արմեն Սարգսյանի հովանավորությամբ 2008թ. Ս. Էջմիածնի Մայր Տաճարի հարևանությամբ կառուցվել էր Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանը:
Հանդիսավոր արարողությունը բացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի խոսքով: Այնուհետև տիար Արմեն Սարգսյանը ներկայացրեց Կարինե Սարգսյանին` ուրախություն հայտնելով, որ Հայ Եկեղեցին և Վեհափառ Հայրապետը գնահատանքի են արժանացնում Կարինեի անձը և գործունեությունը:
Ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո, ներս բերվեց Հայրապետական սրբատառ կոնդակը, որն ընթերցեց Արշակ Սրբազանը:
Կոնդակի հրապարակումից հետո Նորին Սրբությունը Կարինե Սարգսյանին հանձնեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն` «Ս. Գրիգոր Լուսավորիչ» պատվո շքանշանը: Ապա Կարինե Սարգսյանը շնորհակալական խոսքով դիմեց Վեհափառ Հայրապետին` հույս հայտնելով, որ նորակառույց մատուռ-մկրտարանը պիտի ծառայի հայ ժողովրդի հոգևոր կարիքներին, և հազարավոր մանուկներ պիտի մկրտվեն այնտեղ` իբրև հավատավոր զավակներ մեր Եկեղեցու և ժողովրդի: Նա վստահեցրեց, որ շարունակելու է իր ծառայությունը բերել` ի փառս Աստծո և Հայ Եկեղեցու:
Արարողությունը փակվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության խոսքով: