31/05/2009 17:56
«Ժառանգությունը» ներկայացնում է իր մոնիթորինգի արդյունքները
Ստեփան Սաֆարյանը ներկայացրեց ժամը 12:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում «Ժառանգություն» կուսակցության ընտրական մոնիթորինգի և տեղեկատվական կենտրոնի արձանագրած խախտումները:
Նա նշեց, որ նախ ուղղակի կատաղի պայքար է ընտրողի համար, թե հատկապես իշխանական թևից ո՞վ պետք է տանի ընտրատարածք բնակիչներին:
«Ընտրողների մեծ քանակ են տեղափոխել ընտրատարածքներ: Նույն միկրոավտոբուսը նույն խմբերով հայտնաբերվել է տարբեր տեղամասերում, ինչի հաստատվելու պարագայում` կեղծիքները ևս կհաստատվեն»,- ասաց նա:
Սաֆարյանը նշեց, որ 12:40-ի սահմաններում «Հովհաննես» տաքսի ծառայության մեքենաները սխալմամբ կայանել են «Ժառանգություն» կուսակցության գրասենյակի առջև: Ըստ նրա, վարորդները փորձել են պարզել, թե որտե՞ղ են այն ընտրողները, որոնց պետք է տանեն ընտրատեղամաս:
«Հայտնաբերելով, որ «Ժառանգություն» կուսակցությունում են, նրանք հեռացել են: Նաև ՏԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության անդամ Մխիթար Նաջարյանը ծեծի է ենթարկվել հանձնաժողովի մյուս անդամների կողմից: Նաջարյանը հարկադրված լքել է ընտրատեղամասը»,- ասաց Սաֆարյանը: Այս մասին նրան հաղորդել է 7-րդ ՏԸՀ-ում «Ժառանգության» անդամ Սյուզաննա Բարսեղյանը:
Ս. Սաֆարյանը զավեշտալի համարեց այն, որ փորձել են գնել «Ժառանգություն» կուսակցության ՏԸՀ անդամ Դանիել Իոնեսյանի կազմած արձանագրությունը` ընտրատեղամասում քվեարկելու իրավունք չունեցող ընտրողի քվեարկության վերաբերյալ:
«Անհանգստացած ՏԸՀ ՕԵԿ-ական փոխնախագահ Նարե Ղազարյանն առաջարկել է իրեն վաճառել խախտման արձանագրությունը` գնի առաջարկը թողնելով Իոնեսյանին: Առաջարկը կտրուկ մերժվել է մեր ներկայացուցչի կողմից»,- ասաց նա:
Խախտումներ են արձանագրվել նաև 133 միջնակարգ դպրոցում տեղակայված ընտրատեղամասում, որտեղ «Ճաշարանի Հովո» անունով մեկը «Հակոբ Վարդանյան» դիտորդական կազմակերպության կողմից` «կառավարում է» քվեարկությունը: Սաֆարյանի խոսքերով, ՀԱԿ վստահված անձինք հայտնաբերել են տվյալ ընտրական տեղամասում քվեարկելու իրավունք չունեցող անձանց, որոնք քվեարկում են: