17/06/2009 15:35
Իրանի ճգնաժամը չի ազդի Հայաստանի հետ հարաբերությունների վրա
«Իրանում առկա քաղաքական ճգնաժամի տեսանելի և ակտիվ փուլը կավարտվի առաջիկա 1 շաբաթվա ընթացքում ու կտեղափոխվի հասարակության աչքից ավելի հեռու` քաղաքական էլիտայի շրջանակներ»: Նման կարծիք այսօր հայտնեց իրանագետ, վերլուծաբան, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն Լևոն Սարուխանյանը` ներկայացնելով իր տեսակետները Իրանում հետընտրական գործընթացների վերաբերյալ և դրանց ազդեցությունը Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Նա նշեց, որ Իրանում հանդիպումներ է ունեցել տարբեր քաղաքական գործիչների, հասարակության ներկայացուցիչների հետ, որոնք ԻԻՀ նախագահի թեկնածու Միր-Հուսեյն Մուսավիի կողմնակիցներ են, և իր տեղեկությունները միակողմանի են:
Լ. Սարուխանյանի կանխատեսումներով, առաջիկա օրերին Իրանի խոշոր քաղաքներում բախումները կշարունակվեն: Ըստ նրա` Իրանում քաղաքային բնակչությունը ավելի ռադիկալ է տրամադրված, քան նահանգային բնակչությունը: Սակայն, ըստ վերլուծաբանի, Հուսեյն Մուսավին դասական ընդդիմություն չէ և նպատակ չունի ընդդմադիր զանգվածներին առաջնորդել. «Մուսավին գործող իշխանության մի մասն է և, ընդամենը, ցանկանում էր ավելի մեծ լծակներ ստանալ պետական կառավարման համակարգում»:
Իրանագետի խոսքով, Իսլամական հեղափոխությունից հետո ԱՄՆ-ը առաջին անգամ է, որ չեն օգտագործում առիթը` «Իրանում ժողովրդավարության բացակայությունը քննադատելու համար»: Սարուխանյանը դա բացատրեց նրանով, որ տարածաշրջանում մեծացել է Իրանի դերակատարումը:
Անդրադառնալով Իրանի Հայաստանի հետ հարաբերություններին, Լ. Սարուխանյանն ասաց. «Հայաստանին ձեռնտու է, որպեսզի իրանա-ամերիկյան հարաբերությունները լարված մնան, քանի որ երկխոսության առկայությունը հնարավոր է թուլացնի Իրանի դերակատարումը տարածաշրջանում»:
Բանախոսը նշեց, որ անկախ Իրանի նախագահի անձից, Հայաստանի հետ հարաբերությունները առաջիկա 4 տարիներին կխորանան, ակտիվ աշխատանքներ կտարվեն համատեղ ծրագրերի իրականացման առումով, մասնավորապես, երկաթգծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, հնարավոր նավթամուղի շինարարության առումով: