19/06/2009 19:20
Կալինինգրադի հայ համայնքի յուրահատկությունները
Կալինինգրադի հայ համայնքի ղեկավար Ֆելիքս Գևորգյանն Aysor-ին պատմեց տեղի համայնքի առանձնահատկությունների մասին:
Նա տեղեկացրեց, որ Կալինինգրադում կա 15 հազարանոց հայկական համայնք, և այն անվանեց յուրօրինակ հավաքական սփյուռք:
«Այստեղ հայաստանաբնակները կազմում են 30 տոկոսը, մնացած մասը հավաքվել են ԽՍՀՄ տարբեր քաղաքներից ու երկրներից: Նրանք ունեն տվյալ քաղաքի կամ երկրի մշակույթն ու մտածելակերպը, ուստի բարդ էր միասնական համայնք ստեղծելը»,- խոստովանեց Գևորգյանը:
Նա հավաստեց, որ այնուամենայնիվ, բնակիչները փորձել են ու կարողացել են ստեղծել մեկ ընդհանուր ազգամշակութային տարածաշրջանային ինքնավարություն:
Այսօր Կալինինգրադում արդեն գործում են առանձին հասարակական կառույցներ, հոգաբարձուների խորհուրդ, երիտասարդության և կրթության հարցերով հանձնաժողով, հայ հոգևոր մշակութային կենտոն:
Համայնքի ղեկավարը պատմեց, որ 2004 թ.-ի նոյեմբերի 10-ին, առաջին անգամ ազգային փոքրամասնության սփյուռքը կարողացավ համախմբվել ու անցակցնել տարածաշրջանային կոնֆերանս, և դա դրական նշանակություն ունեցավ հայանքի համախմբման գործում:
«Ոչ մի այլ փոքրամասնություն նման բան չի կարողացել կամզմակերպել: Մեր խնդիրը բարդ էր, 70 տոկոսը հայերեն չգիտեր, մեր առջև դրված էր հայադարձության խնդիրը: Մենք քաջ գիտակցում էինք, որ կարող ենք իրականացնել միայն հոգևոր դարձի միջոցով»,- նշեց Ֆ. Գևորգյանը:
Պետությունից ստանալով 1.5 հա հողատարածք` Հայաստանից կարմիր տուֆ են տարել և կառուցել Հայ Առաքելական Եկեղեցի:
«Եկեղեցու շրջանում նաև հայ տուն ենք կառուցել, որ ունի թանգարան, կիրակնօրյա դպրոց, այնտեղ է նաև «Նաիրի» թերթի խմբագրությունը: Պարային համույթը, հայ պոեզիայի թատրոնը, իրավաբանական անվճար ծառայությունները ևս գործում են մեզ բոլորիս համար»,- ասաց Գևորգյանն ու հայտնեց, որ համայնքային կյանքի համար բոլոր անհրաժեշտ տարրերը ստեղծված են, և ազգային արժանապատվությունն իրենք պարտավոր են լավագույն գործերով բարձր պահել:
Օգտվելով առիթից` Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը Ֆ. Գևորգյանին և, մասնավորապես հայ համայնքին, նվիրեց միության պահեստներից պատահաբար հայտնաբերված շուրջ 350 գիրք:
«Մղոններով հեռու մարզում մենք ունենք 15 հազարանոց համայնք, փորձում եք ազգային ավանդույթները վառ պահել, և դրա համար նվիրում եմ այս գրքերը: Մենք սկսեցինք Գրողների տան շենքի հերթական նորոգումը, և պահեստից հանկարծ գտանք լավագույն առիթների համար որպես հուշանվեր դրված այս գրքերը»,- ասաց Լ. Անանյանն ու ներկայացրեց ցանկը, այդ թվում` Գ. Նարեկացի, Ե. Չարենց, Հ. Թումանյան, Ավ. Իսահակյան, Սայաթ-Նովա` ռուսերեն, ինչպես նաև` ժամանակակից հայ գրողների գրքերից:
Ստանալով գրքերն ու խոստանալով Հայաստանից ողջույններ տանել Կալինինգրադ` Ֆելիքս Խաչատրյանը շտապեց օդանավակայան: